Չավի․ «Լամինը տաղանդ է»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին կարծիք է հայտնել կատալոնական ակումբի 16-ամյա վինգեր Լամինե Յամալի մասին։

«Մի մոռացեք մարզչի խիզախության մասին, ով նրան ընդգրկում է մեկնարկային կազմում (ծիծաղում է): Լամինը տաղանդ է։ Երբ նայում եք, թե ինչպես է նա մարզվում, նա իսկապես կարող է գլուխ հանել մեկ առ մեկ իրավիճակներից: Նա ունի քաջություն և տպավորիչ տաղանդ: Օրերս նա անցկացրեց առաջին թիմի լավագույն հանդիպումներից մեկը (հունվարի 21-ին Լա լիգայի 21-րդ տուրի «Բետիսի» հետ խաղում (2:4) Յամալը գոլային փոխանցում կատարեց)։ Մենք շատ գոհ ենք, որ նման մակարդակի խաղացողներ են գալիս Լա Մասիայից»,- Չավիի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն:

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Յամալը բոլոր մրցաշարերում մասնակցել է 28 հանդիպման, որոնցում դարձել է երկու գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 60 միլիոն եվրո: