Չավի․ ««Ռեալը» ուժեղանում է, քանի որ մենք ուժեղանում ենք»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ կայանալիք հանդիպման մասին։

«Ես այնպիսի զգացում ունեմ, որ «Ռեալն» ուժեղանում է, երբ «Բարսելոնան» ուժեղանում է։ Քանի որ ես ստանձնեցի մարզչի պարտականությունները, որպեսզի մենք կարողանանք որևէ տիտղոս նվաճել, մենք անընդհատ պետք է դեմ առ դեմ հանդիպենք «Ռեալի» հետ։ Նրանք անմիջապես արձագանքում են, երբ տեսնում են ուժեղ «Բարսելոնա» թիմին։

Մեզ մոտ ամեն ինչ հավասարաչափ է տեղի ունենում, այդ թվում՝ կոչումների բաշխումը։ Անցյալ տարի մենք երկու տիտղոս նվաճեցինք, այս տարի նույնպես պայքարում ենք տիտղոսների համար»,- Չավիի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։

Հիշեցնենք, որ «Բարսելոնա»-«Ռեալ» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։

Անցած մրցաշրջանում Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչում Չավիի թիմը 3-1 հաշվով առավելության հասավ «Ռեալի» նկատմամբ։