«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Պորտուի» հարձակվողով

«Պորտուի» հարձակվող Էվանիլսոնը ընթացիկ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):

Աղբյուրի համաձայն՝ մանկունիանցիների ներկայացուցիչները ուսումնասիրում են 24-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու հնարավորությունը։ Նշվում է, որ բրազիլացի հարձակվողին հավակնում են նաև այնպիսի թիմեր, ինչպիսիք են Լոնդոնի «Արսենալը» և Միլանի «Ինտերը»:

Էվանիլսոնը «Պորտուի» կազմում հանդես է գալիս 2020 թվականից։ Այս մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում «վիշապների» կազմում անցկացրել է 20 հանդիպում, որոնցում դարձել է 11 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։