Չավի․ «Դուք միշտ բացասական ենթադրություններ եք անում իմ մասին»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին Իսպանիայի առաջնության 19-րդ տուրի՝ «Լաս Պալմասի» հետ խաղից հետո (2-1) էմոցիոնալ պատասխանել է Մադրիդի «Ռեալից» ունեցած տարբերության մասին լրագրողների հարցին։ Հանդիպումից առաջ «Բարսելոնան» Մադրիդի «Ռեալին» զիջում էր 10 միավորով։ «Լաս Պալմասի» դեմ խաղում տարած հաղթանակի շնորհիվ տարբերությունը կրճատվել է յոթ միավորի։

«Մենք 10 միավորով հետ մնացինք «Ռեալից». Դուք միշտ բացասական ենթադրություններ եք անում իմ մասին։ Դուք դա չեք անում այլ մարզիչների հետ: Մենք հաղթեցինք, և նման բաց չկա, այնպես չէ՞, որ դրա մասին խոսելն անհեթեթ է», – Չավիի խոսքերը մեջբերում է Barça Universal-ը X սոցիալական ցանցում։

Մադրիդի «Ռեալը» 48 միավորով գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը: «Բարսելոնան» 41 միավորով երրորդ տեղում է։