Քոնոր Գալագերը կարող է փոխել ակումբային գրանցումը

«Չելսիի» կիսապաշտպան Քոնոր Գալագերը կարող է լքել լոնդոնյան թիմը գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Այս մասին հայտնել է լրագրող Բեն Ջեյքոբսը X սոցիալական ցանցում։

Աղբյուրի փոխանցմամբ՝ անգլիացի կիսապաշտպանին ձեռք բերելու գլխավոր հավակնորդը շարունակում է մնալ «Թոթենհեմը»։ Լոնդոնյան թիմը պատրաստ է կիսապաշտպանին վաճառել իրենց հիմնական մրցակիցներից մեկին, բայց միայն նրա համար ընդունելի գումար վճարելու պայմանով։ Նշվում է, որ «Չելսին» 23-ամյա ֆուտբոլիստին գնահատում է 50-55 միլիոն եվրո։

Գալագերը «Չելսիի» սան է: Այս մրցաշրջանում կիսապաշտպանը «Չելսիի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 22 հանդիպում, որոնցում դարձել է չորս գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։