«Չելսին» հարձակման գիծը ուժեղացնելու երկու տարբերակ է դիտարկում

«Չելսին» մտադիր է առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ուժեղացնել հարձակման կենտրոնական հատվածը: Այս մասին հայտնում է The Athletic-ը։

Աղբյուրի համաձայն՝ լոնդոնյան ակումբը հավակնում է ձեռք բերել գերմանական Բունդեսլիգայի երկու հարձակվողներից մեկին՝ Վիկտոր Բոնիֆասին (Բայեր) կամ Բենջամին Շեշկոյին (Լայպցիգ): Նշվում է, որ «արիստոկրատների» գրասենյակը հասկանում է, որ հունվարին գրեթե անհնար կլինի ստորագրել ցանկալի թիրախները՝ ի դեմս Վիկտոր Օսիմհենի (Նապոլի) և Իվան Թոնիի (Բրենտֆորդ)։

Այս մրցաշրջանում Բոնիֆասը Լևերկուզենի «Բայերի» կազմում անցկացրել է 23 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 16 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ Շեշկոն «Լայպցիգի» կազմում անցկացրել է 21 խաղ և կարողացել է յոթ գոլ խփել։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Շեշկոյով հետաքրքրված են անգլիական մի քանի այլ թոփ-ակումբներ։