Ռոբերտ Լևանդովսկին կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիա

«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին 2023/24 մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ ակումբից, հայտնում է Sport.es-ը։

Աղբյուրի համաձայն՝ 34-ամյա ֆուտբոլիստի խաղից դժգոհությունն աճում է «Բլաուգրանայի» ղեկավարության շրջանում: Կատալոնացիները դիտարկում են լեհին ամռանը վաճառելու տարբերակը։ Տարբերակներից մեկը Սաուդյան Արաբիան է: Այս դեպքում «Բարսելոնան» հաշվի կառնի՝ արդյոք ֆուտբոլիստն ինքը ցանկանում է հեռանալ, թե ոչ։

Ենթադրվում է, որ «Բարսելոնան» կարող է Լևանդովսկու համար պահանջել 30 միլիոն եվրո, սակայն ամենաիրատեսական գինը մոտ 20 միլիոն է։ Հարձակվողի պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։

Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը կատալոնացիների կազմում անցկացրել է 21 հանդիպում, դարձել 9 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։