Հայտնի է նոր մեկնարկող Սուպերլիգայի ձևաչափը

Մրցաշարի ձևաչափի մասին տեղեկություն է հրապարակվել նախատեսված Սուպերլիգայի հովանավոր A22Sports-ի կայքում։ Նախագիծը ենթադրում է 64 թիմի մասնակցություն Սուպերլիգայի տղամարդկանց մասում, որոնք կբաժանվեն երեք դիվիզիոնների՝ աստղային (16 թիմ), ոսկե (16 թիմ) և կապույտ (32 թիմ): Յուրաքանչյուր դիվիզիոնի շրջանակներում թիմերը կբաժանվեն 8 թիմերից բաղկացած խմբերի, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր թիմ յուրաքանչյուր մրցաշրջանում կանցկացնի նվազագույնը 14 հանդիպում: Հերթական խաղից հետո յուրաքանչյուր դիվիզիոն կունենա փլեյ-օֆֆ՝ 8 թիմով։

Երեք դիվիզիոնների միջև կլինի առաջխաղացում/անկում: Միևնույն ժամանակ, ազգային լիգաներում արդյունքների հիման վրա հնարավոր կլինի մտնել «կապույտ» դիվիզիոն:

Սուպերլիգայի հանդիպումները նախատեսված են անցկացնել շաբաթվա կեսերին։

Հիշեցնենք, որ Եվրոպական դատարանը վճիռ է կայացրել հօգուտ Սուպերլիգայի՝ որոշելով, որ ՈՒԵՖԱ-ն իրավունք չունի մենաշնորհատեր լինել Եվրոպայում մրցաշարեր կազմակերպելու հարցում։