Ժերեմի Դոկուն Եվրո-2024-ի ընտրական փուլում այս ցուցանիշով առաջինն է

«Մանչեսթեր Սիթիի» վինգեր Ժերեմի Դոկուն պարբերաբար շրջանցում է մրցակիցներին ոչ միայն ակումբում խաղալիս:

21-ամյա բելգիացին Եվրո-2024-ի ընտրական փուլի 90 րոպեի ընթացքում միջինը 9,7 հաջող դրիբլինգ է կատարել, ինչը լավագույնն է խաղադաշտում առնվազն 200 րոպե անցկացրած ֆուտբոլիստների մեջ, հայտնում է Opta-ն: Դոկուին ամենամոտ հետապնդողները՝ Մայքի Ջոնսթոնը և Դանիել Հոքանսը, գրեթե երկու անգամ ավելի քիչ են դրիբլինգ կատարել (4,9 դրիբլինգ): Վարկանիշում հաջորդում են Դոդի Լուկեբակիոն և Խվիչա Կվարացխելիան (4,8-ական):

Բելգիայի հավաքականը հաջողությամբ նվաճեց Եվրոպայի առաջնության ուղեգիրը՝ 20 միավորով հաղթելով F խմբում և առաջ անցնելով Ավստրիայից (19) և Շվեդիայից (10):