Սիմոնե Ինձագի․ «Մենք շատ հպարտ ենք Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆ դուրս գալու համար»

Միլանի «Ինտերի» մարզիչ Սիմոնե Ինձագին կիսվել է իր մտքերով «Ռեդ Բուլ Զալցբուրգի» դեմ խաղում (1:0) իր թիմի հաջողությունից հետո։

«Ներաձուրիները» Ավստրիայից երեք միավոր վաստակեցին Լաուտարո Մարտինեսի 85-րդ րոպեին 11 մետրանոցից խփած գոլի շնորհիվ։ Այս հաղթանակը «Ինտերին» ժամանակից շուտ դուրս բերեց Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչ։

«Մենք հիանալի խաղ ցուցադրեցինք մի թիմի դեմ, որը հիանալի պատրաստված է ֆիզիկապես: Մենք կառավարեցինք խաղը ու վերահսկեցինք գնդակը վերջին 20 րոպեների ընթացքում:

Մենք շատ հպարտ ենք Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆ դուրս գալու համար խմբային փուլի ավարտից երկու տուր առաջ. նման բան վաղուց չէր եղել։ Հաճելի է, բայց մենք լրջորեն կվերաբերվենք մնացած հանդիպումներին»,- Ինձագիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։