Ժոզե Մոուրինյո․ «Ես երբեք չեմ նեղանում այն ​​ֆուտբոլիստից, ով 11 մետրանոց չի իրացնում»

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անդրադարձել է Ա Սերիայի 11-րդ տուրի «Լեչեի» (2-1) դեմ խաղում հարձակվող Ռոմելու Լուկակուին։

30-ամյա բելգիացին հանդիպման սկզբում չիրացրեց 11 մետրանոցը, սակայն 90+4-րդ րոպեին դարձավ հաղթական գոլի հեղինակը։

«Ես երբեք չեմ նեղանում այն ​​ֆուտբոլիստներից, ովքեր 11 մետրանոցներ չեն իրացնում։ Լուկակուն խաղացող է, ում ես բոլորից լավ գիտեմ: Ես նրան մարզել եմ երեք տարբեր թիմերում։

Հաղթական գոլ խփելու հնարավորությունն ավելի լավ ժամանակ չէր կարող լինել։ Այժմ նա կկարողանա մի փոքր ավելի լավ քնել։ Նա մեծ սրտով տղա է, շատ զգայուն և զգացմունքային»,- ասել է Մոուրինյոն DAZN-ին տված հարցազրույցում։

«Ռոման» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ վարձակալել է Լուկակուին «Չելսիից»։ Հարձակվողը հռոմեացիների կազմում 9 գոլ է խփել Ա Սերիայում և Եվրոպա Լիգայում անցկացրած 12 խաղում։