Տալլինի «Արարատի» աղջիկների և Մ-14 տղաների թիմերը՝ Էստոնիայի չեմպիոններ (VIDEO)

Տալլինի «Արարատի» Մ-14 տղաների թիմն առաջին անգամ դարձավ Էստոնիայի Մ-14 տարիքային բարձրագույն խմբի հաղթող (Esiliiga): «Արարատն» անցկացրած 21 խաղում գրանցեց 18 հաղթանակ և պարտվեց միայն երկուսում։

Ռմբարկուների ցանկը գլխավորեց «Արարատի» հարձակվող Յոնաս Պոցևիցիուսը՝ խփած 35 գնդակով: Մրցաշրջանի սկզբում թիմը գլխավորեց հայ մասնագետ Մանուկ Սարգսյանը։

Տալլինի «Արարատի» աղջիկների թիմն իր հերթին ակումբի պատմության մեջ առաջին անգամ հանդես եկավ Էստոնիայի կանանց առաջին լիգայում և առաջին իսկ փորձից դարձավ հաղթող։ Թիմն անցակցրած 21 խաղում տոնեց 14 հաղթանակ և պարտվեց միայն երեքում:

Թեժ պայքարում անցած մրցաշրջանի վերջին խաղում «Արարատը» հաղթեց «Այաքս Տալլինին», և վաստակելով 46 միավոր, զբաղեցրեց առաջին տեղը: «Ֆլորա-2»-ը 45 միավորով գրավեց երկրորդ, իսկ «Այաքս Տալինը»՝ 43 միավորով երրորդ հորիզոնականը: «Արարատի» ներկայացուցիչ Անաստասիա Յուժանինովան խփած 25 գոլով լավագույն ռմբարկուների ցանկում զբաղեցրեց պատվավոր երկրորդ տեղը:

Հարկ է նշել, որ թիմն առաջին լիգայում ամենաերիտասարդն էր, միջին տարիքը՝ 17 տարեկան և 2 ամսական։ «Արարատի» աղջիկների թիմի գլխավոր մարզիչը Լիանա Հայրապետյանն է, իսկ մարզիչի օգնականը՝ Մանուկ Սարգսյանը (երկուսն էլ՝ UEFA Pro լիցենզիա)։

«Արարատի» աղջիկների թիմում հանդես է գալիս երեք հայ ֆուտբոլիստուհի՝ Մարիա Սախինովան, Լուիզա Ղազարյանն ու Վերոնիկա Ասատրյանը։ Մարիան և Վերոնիկան հանդիսանում են Հայաստանի կանանց ազգային հավաքականի ֆուտբոլիստներ։ «Արարատի» աղջիկների թիմից ևս վեց հոգի հանդես են գալիս Էստոնիայի Մ15 կանանց հավաքականում, իսկ մեկը՝ Մ17 Էստոնիայի կանանց ազգային թիմում։

Տեղեկացնենք, որ Տալլինի «Արարատի» սեփականատերը՝ Էստոնիայում մեծ հեղինակություն վայելող մեր հայրենակից Ավետիս Հարությունյանն է: