Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կհամագործակցի Double Pass ընկերության հետ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նոր և երկարաժամկետ համագործակցություն է սկսում Double Pass ընկերության հետ:

Double Pass-ը 2004 թվականին հիմնադրված ընկերություն է, որը զբաղվում է ֆուտբոլում երիտասարդ խաղացողների ներուժի բարձրացմամբ, գնահատում և խորհուրդ է տալիս ֆուտբոլային ակումբներին, լիգաներին և (կոն)ֆեդերացիաներին՝ ինչպես օպտիմալացնել տաղանդների զարգացումը:

Double Pass-ի գործընկերների շարքում են Բելգիայի ֆուտբոլի ասոցիացիան, Լեհաստանի Էքստրակլասան, Բրազիլական «Ինտերնասիոնալը», իսպանական «Ալմերիան» և այլն:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը, խոսելով Double Pass-ի հետ համագործակցության մասին, նշել է.

«Double Pass ընկերության հետ կնքել ենք 4-ամյա համագործակցության պայմանագիր, որի շրջանակներում իրականացվելու է ակումբների և ակադեմիայի սպորտային և տեխնիկական առաջնորդության վարպետության կրթական ծրագիր, ակադեմիաների աուդիտ`որակի ամբողջական ապահովման համակարգի ներդրումով, մարզչական փորձագիտական ծրագրի իրականացում:

Վստահ ենք, որ նոր համագործակցությունը, որը սկսում ենք ՖԻՖԱ-ի Տաղանդների Զարգացման Սխեմայի ծրագրի շրջանակներում, կլինի արդյունավետ և կնպաստի հայ ֆուտբոլիստների ու մարզիչների որակական աճին, ինչպես նաև հայկական ակումբների և ակադեմիաների զարգացմանը»: