«Նյուքասլի» կիսապաշտպան Սանդրո Տոնալին կարող է որակազրկվել երեք տարով, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ խաղացողի նկատմամբ հետաքննություն է սկսվել։ Իտալիայի ֆեդերացիայի դատախազը կարող է երեք տարով որակազրկել Տոնալիին։
Ավելի վաղ Տոնալին դատախազությունում հարցաքննության ժամանակ խոստովանել էր, որ խաղադրույքներ է կատարել «Միլանի» հանդիպումների վրա։
Միաժամանակ նա պնդում է, որ խաղադրույք է կատարել միայն այն հանդիպումների վրա, որտեղ չի խաղացել։
Եթե դա ճիշտ է, ապա խաղացողին չի կարելի մեղադրել հանդիպումները ֆիքսելու մեջ: Հոկտեմբերի 12-ին հայտնի դարձավ, որ Տոնալիին և Իտալիայի հավաքականի նրա գործընկեր Նիկոլո Զանիոլոյին կարող են մեղադրանք առաջադրել ֆուտբոլի վրա անօրինական խաղադրույքներ կատարելու մեջ։
Իտալական լրատվամիջոցները հայտնում են, որ Տոնալին մտադիր է բուժվել խաղադրույքների կախվածությունից։
Իտալիայի հավաքականի կիսապաշտպանը «Միլանում» հանդես է եկել 2020-ից 2023 թվականներին։ Ամռանը նա տեղափոխվեց «Նյուքասլ»։