Ստեֆանո Պիոլի. «Դարպասին Քրիստիան Պուլիշիչն էր ցանկանում կանգնել, բայց նա ցածրահասակ էր»

«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին խոսել է Իտալիայի առաջնության ութերորդ տուրում «Ջենոայի» հետ արտագնա հանդիպման մասին (1:0)։

Հանդիպման 90+9 րոպեին խաղադաշտից հեռացվեց «Միլանի» դարպասապահ Մայք Մենյանը։ Ֆրանսիացին կոպիտ է գործել տանտերերի հարձակվող Կալեբ Էկուբանիի նկատմամբ: Մինչ հանդիպման ավարտը դարպասը գրավեց հարձակվող Օլիվյե Ժիրուն։

«Վերջին 8 խաղերից 5-ը արտագնա էին, և այն, որ մենք հիմա այս հորիզոնականում ենք, մեզ ուրախացնում է։ Բայց մենք գիտենք, որ դեռ շատ բան կա, որ կարող ենք և պետք է ավելի լավ անել:

Աղյուսակին նայելու համար դեռ վաղ է. Սկուդետտոյի համար կպայքարեն 3-4 թիմեր։ Բայց նման արդյունքը լավ է ինքնագնահատականի համար մի շարք բարդ հանդիպումներից հետո։

Ժիրուն դարպասի՞ն: Նման բան նախկինում չի եղել: Պուլիշիչը ցանկանում էր դարպասում լինել, բայց մենք նրան ասացինք, որ նա շատ ցածրահասակ է, ուստի Օլին կանգնեց դարպասում:

Խաղի ընթացքում շատ տարօրինակ բաներ տեղի ունեցան։ Գիտեինք, որ դժվար է լինելու, բայց համբերեցինք։ Սա մենթալիտետի, բնավորության, ուժի հաղթանակ է, ես շատ գոհ եմ թիմից։

Հիմա մենք ընդմիջման ենք սպասում, և համաձայն ենք դրան, քանի որ շատերին անհրաժեշտ է հանգստանալ»,- Sky Sport Italia-ի եթերում նշել է «Միլանի» գլխավոր մարզիչը։