Դորտմունդի «Բորուսիան» պատրաստ է վաճառել Դոնիել Մալենին

Դորտմունդի «Բորուսիան» հայտարարել այն գումարի չափը, որով պատրաստ է վաճառել եզրային հարձակվող Դոնիել Մալենին:

24-ամյա ֆուտբոլիստը թոփ-ակումբների ուշադրությունը գրավել է վերջին ամիսներին իր ելույթների շնորհիվ։ «Լիվերպուլը» համարվում է հոլանդացու գլխավոր հավակնորդներից մեկը՝ դիտարկելով 2024 թվականին տրանսֆերի հնարավորությունը։ Ըստ SportBild-ի՝ «կարմիրները» ապագայում ֆուտբոլիստին ձեռք բերելու համար պետք է ծախսեն առնվազն 60 միլիոն եվրո:

Ընթացիկ մրցաշրջանում Դոնիել Մալենը Դորտմունդի «Բորուսիայի» կազմում անցկացրած 7 խաղում դարձել է 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt պորտալի փորձագետները «իշամեղուների» հարձակման առաջնորդի արժեքը գնահատում են 28 միլիոն եվրո։