Ռոբերտո Մարտինես․ «Պորտուգալիան պատրաստ է հաղթել առանց Կրիշտիանուի»

Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը վստահ է, որ ազգային թիմը պատրաստ է հաղթել նույնիսկ առանց Կրիշտիանու Ռոնալդուի։

Սեպտեմբերի 11-ին Պորտուգալիան Եվրո-2024-ի ընտրական փուլի շրջանակներում 9։0 հաշվով հաղթեց Լյուքսեմբուրգին։ Ռոնալդուն բաց թողեց հանդիպումը որակազրկման պատճառով։

«Առանց Ռոնալդուի հավաքականն ավելի լավ է խաղո՞ւմ: Ո՛չ: Կրիշտիանուն այս թիմի շատ կարևոր մասն է, ինչպես և Պեպեն: Նրանց մակարդակը և աշխատասիրությունը վարակիչ են, նրանք թիմին կարևոր արժեք են տալիս: Մենք պետք է ֆուտբոլիստներին հնարավորություններ տանք, իսկ Ռամուշը և Ժոտան ցույց են տվել, թե ինչի են ընդունակ։

Ռոնալդուն փորձառու է, առանձնահատուկ, կարիք չկա համեմատելու կամ կասկածելու։ Բայց այս թիմը պատրաստ է հաղթել առանց Կրիշտիանուի»,- Մարտինեսի խոսքերն է մեջբերում O Jogo-ն։