ՊՍԺ-ի երկու ֆուտբոլիստներ համաձայնության են եկել Քաթարի ակումբների հետ

Շաբաթներ տեւած բանակցություններից հետո «Պարի Սեն Ժերմենի» երկու ֆուտբոլիստներ Մարկո Վերատին և Յուլիան Դրաքսլերը համաձայնության են եկել Քաթար տեղափոխվելու վերաբերյալ, հայտնում է L’Equipe-ը:

Իտալացի կիսապաշտպան Մարկո Վերատին մոտ օրերս կմիանա «Ալ-Արաբիին»՝ ավելի քան մեկ տասնամյակ Ֆրանսիայի մայրաքաղաքում մնալուց հետո, հայտնում է հեղինակավոր հրատարակությունը: Կիսապաշտպանը համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները, մինչդեռ երկու ակումբների միջև պայմանագիրը ստորագրվել է մի քանի օր առաջ։ Հաղորդվում է, որ տրանսֆերի գումարը կկազմի 40-50 մլն եվրո, սակայն Վերատին դեռ պետք է բուժզննում անցնի։

Բացի այդ, Քաթարի առաջնություն կտեղափոխվի նաեւ Վերատիի ներկայիս թիմակիցը՝ գերմանացի վինգեր Յուլիան Դրաքսլերը։ Գերմանացին նույնպես ընդգրկված չէ փարիզյան մարզչական շտաբի ծրագրերում եւ պետք է միանա «Ալ-Ահլիին» (Դոհա), որի հետ այս տրանսֆերի շուրջ լիարժեք համաձայնություն է ձեռք բերվել։