«Ռոմայի» մարզական տնօրեն․ «Մյուս ֆուտբոլիստները կօգնեն նրան ավելի արագ հարմարվել»

Իտալական «Ռոմայի» մարզական տնօրեն Տիագո Պինտոն մեկնաբանել է իրանցի հարձակվող Սերդար Ազմունի տեղափոխությունը ակումբ՝ նշելով, որ հռոմեացիների ներկայացուցիչները երկար ժամանակ ուսումնասիրել են հարձակվողին։

«Ազմունը ֆուտբոլիստ է, ում հետևում ենք երկար ժամանակ: Մենք բարձր ենք գնահատել նրա տեխնիկական հմտությունները։ Մենք վստահ ենք, որ մեր մյուս ֆուտբոլիստները կօգնեն նրան ավելի արագ հարմարվել, և Սերդարը կկարողանա իրեն դրսևորել այստեղ՝ Իտալիայում»,- Պինտոյի խոսքերն է մեջբերում «Ռոմայի» պաշտոնական կայքը:

28-ամյա Ազմունը վարձավճարով «Ռոմա» է տեղափոխվել Լևերկուզենի «Բայերից»: Իրանցի հարձակվողին գնելու իրավունք ունի հռոմեական ակումբը։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ «Ռոման» կկարողանա Ազմունին գնել 12 միլիոն եվրոյով։