Եվգենի Կոչուկը հեռացավ «Փյունիկից»

«Փյունիկի» և մոլդովացի կիսապաշտպան Եվգենի Կոչուկի միջև երկկողմ համաձայնությամբ խզվել է գործող պայմանագիրը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Կոչուկը մեր թիմին էր միացել 2022 թվականի հունվարին: «Փյունիկի» հետ Եվգենին 2021/22 մրցաշրջանում դարձել է Հայաստանի Պրեմիեր Լիգայի չեմպիոն: Մոլդովացի ֆուտբոլիստը իր ներդրումն է ունեցել նախորդ տարվա եվրագավաթային հաջողություններում, մասնավորապես, մասնակցել է Չեմպիոնների Լիգայի ու Եվրոպա Լիգայի որակավորման փուլերի բոլոր խաղերին, ինչպես նաև Կոնֆերենցիաների Լիգայի խմբային փուլի 6 հանդիպումներին ու գոլ հեղինակել «Սլովանի» հետ արտագնա խաղում (2:1): Մեր գույներով Կոչուկը, ընդհանուր առմամբ, անցկացրել է 38 հանդիպում, դարձել մեկ գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:

«Շնորհակալ ենք Եվգենիին անմնացորդ նվիրման համար ու մաղթում ենք հաջողություն հետագա կարիերայի ընթացքում», ասվում է ակումբի տարածած հայտարարության մեջ։