Միկել Արտետան մեկնաբանել է թիմում տիրող կադրային իրավիճակի մասին

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է Յուրիեն Թիմբերի վնասվածքը և խոսել թիմում տիրող կադրային իրավիճակի մասին։

«Այն, որ Թիմբերը վնասվածք ստացավ, մեծ հարված է թիմին, քանի որ մենք նրա հետ պայմանագիր կնքեցինք հստակ մտադրություններով: Նա շատ օգուտներ բերեց թիմին, բայց այս տարի նա այլեւս չի կարողանա դա անել։

Մենք պետք է հարմարվենք։ Ցավոք սրտի, դա տեղի է ունենում, և մենք պետք է առաջ շարժվենք։ Մենք միշտ բաց ենք և պետք է կարողանանք տրանսֆերային շուկայում արձագանքել վնասվածքին։ Հուսով եմ՝ Զինչենկոն շուտով հասանելի կլինի: Գաբրիել Ժեզուսը դեռ անհասանելի է, բայց հուսով եմ, որ նա նույնպես շուտով կվերադառնա»,- Արտետայի խոսքերն է մեջբերում Football London-ը։

Հիշեցնենք, որ Թիմբերը վնասվածք էր ստացել «Արսենալի» կազմում իր նորամուտի խաղում: Երեկ «Արսենալը» պաշտոնապես հայտարարեց, որ Թիմբերը աջ ծնկի խաչաձեւ կապանների պատռվածք ունի։

Երեկ հայտնի դարձավ նաեւ, որ Զինչենկոն վերադարձել է ընդհանուր խումբ։ Ուկրաինացին ապաքինվել է սրունքի վնասվածքից, որը ստացել էր նախորդ մրցաշրջանի վերջում։