Մաուրիսիո Պոչետինո․ «Սա որոշում է, որն ընդունվել է և՛ իմ, և՛ ակումբի կողմից»

«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է թիմի նոր ավագի նշանակման մասին։ Հիշեցնենք, որ գալիք մրցաշրջանում ավագը կկրի 23-ամյա պաշտպան Ռիս Ջեյմսը։

«Սա որոշում է, որն ընդունվել է և՛ իմ, և՛ ակումբի կողմից: Մենք շատ գոհ ենք, որ Ռիսն այս մրցաշրջանում կլինի ավագը: Նա օրինակ է, և նրա նվիրվածությունն ու վերաբերմունքը «Չելսիի» նկատմամբ ակնհայտ էր մինչմրցաշրջանի ընթացքում:

Նա հպարտորեն կրում էր ավագի թեւկապը մեր ամառային շրջագայության ժամանակ և պատրաստ է իր վրա վերցնել թիմ գլխավորելու մարտահրավերը սեփական մոտեցմամբ և գաղափարներով»,- Պոչետինոյի խոսքերը մեջբերել է լոնդոնյան ակումբի մամուլի ծառայությունը։

Ջեյմսը «Չելսիի» սան է։ Առաջին թիմի կազմում իր նորամուտը նշել է 2019/20 մրցաշրջանում։ Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 65 մլն եվրո։