Ռաֆայել Վարան. «Մենք պարզապես ցանկանում ենք լավ մարզավիճակում լինել»

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ռաֆայել Վարանը խոսել է Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի (FA) կողմից ընդունված կանոնների նոր փոփոխությունների մասին՝ ասելով, որ պաշտոնյաները չեն լսում ֆուտբոլիստների և մարզիչների կարծիքը, ինչը վնասում է ֆուտբոլին։

«Անցյալ շաբաթ մենք հանդիպում ունեցանք ՖԱ-ի հետ: Նրանք նոր հանձնարարականներ են տվել մրցավարներին կանոնների և որոշումների վերաբերյալ:

Մենք՝ որպես ֆուտբոլիստներ և մարզիչներ, տարիներ շարունակ կիսում ենք այն մտավախությունը, որ հանդիպումները չափազանց շատ են, ծանրաբեռնված խաղացանկը, ինչը վտանգավոր է ֆուտբոլիստների ֆիզիկական և մտավոր ինքնազգացողության համար։ Չնայած մեր կարծիքին՝ նրանք նոր առաջարկներ են տվել՝ ավելի երկար հանդիպումներ, ավելի մեծ ինտենսիվություն, ավելի քիչ էմոցիաներ: Մենք պարզապես ցանկանում ենք լավ մարզավիճակում լինել, 100 տոկոսը տալ մեր ակումբի և երկրպագուների համար: Ինչու՞ մեր կարծիքը չի լսվում։

Որպես ֆուտբոլիստ՝ ես հասկանում եմ, որ մեծ արտոնություններ ունեմ։ Ես ամեն օր անում եմ այն, ինչ սիրում եմ, բայց զգում եմ, որ այս փոփոխությունները վնասում են մեր խաղին։ Մենք ցանկանում ենք խաղալ հնարավոր ամենաբարձր մակարդակով և ցուցադրել խաղ՝ երկրպագուներին ամեն շաբաթ գոհացնելու համար»,- գրել է Վարանը իր սոցցանցերում։