СONFERENCE LEAGUE. «Ալաշկերտը» 10 ֆուտբոլիստով կռվեց մինչև վերջ, բայց հաջորդ փուլ դուրս գալ չհաջողվեց

Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Երևանի «Ալաշկերտը» մրցեց «Դեբրեցենի» դեմ։ Վահե Գևորգյանի տղաները հիանալի ու անձնվիրաբար գործեցին ու կարողացան հաղթանակի հասնել մի խաղում, որտեղ շատ քչերն էին հավատում հաղթանակի։

Խաղի մեծ մասում «Դեբրեցենը» տիրում էր գնդակին։ Առաջին խաղակեսում, սակայն, «Ալաշկերտը» կարողացավ ճնշում գործադրել, գրագետ ֆուտբոլ խաղալ, որին չէին սպասում մրցակցի ֆուտբոլիստները։ Առաջին խաղակեսի միջնամասում Վալերի Ուստինովը բացեց հանդիպման հաշիվն ու մեծացրեց հնարավորությունը՝ հաջողության հասնելու։

Երկրորդ խաղակեսի մեկնարկում «Ալաշկերտը» կրկին նույն կերպ էր գործում, իսկ մրցակիցը ոչինչ չէր կարողանում անել։ 67-րդ րոպեին էլ Սոդիք Ֆաթայը կարողացավ կրկնապատկել «Ալաշկերտի» առավելությունը։ Թվում էր, թե ամեն ինչ «Ալաշկերտի» սցենարով է, բայց Բալաժ Ջուջակը կրճատեղ հաշվի տարբերությունը, ապա մի քանի րոպե անց հայկական թիմը մնաց 10 ֆուտբոլիստով։ Կարմիր քարտ ստացավ Լևան Քութելիան։

Հանդիպումը 10 հոգով «Ալաշկերտը» տեղափոխեց լրացուցիչ ժամանակ, որտեղ մի քանի անգամ հրաշքով գնդակը չհայտնվեց Օգնյեն Չանչարևիչի դարպասը։ 11 մետրանոց հարվածաշարում «Ալաշկերտը» ծայրահեղ վատ գործեց ու պարտվեց։

Երևանում կայացած առաջին հանդիպումն ավարտվել էր մրցակցի 0։1 հաշվով հաղթանակով։

Կոնֆերենցիաների Լիգա

«Դեբրեցեն» – «Ալաշկերտ» 1:2 (0:1, 11 մետրանոց՝ 3։1 )

0:1 Վիտալի Ուստինով (18)

0։2 սոդիք Ֆաթայ (67)

1։2 Բալաժ Ջուջակ (77)