Կառլո Անչելոտտին կտրականապես հրաժարվել է բազմամիլիոնանոց պայմանագրից

Սաուդյան Արաբիայի պետական ​​ներդրումային հիմնադրամի ներկայացուցիչը Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիին առաջարկ է արել աշխատել տեղի առաջնության ակումբներից մեկում, հայտնում է AS-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ նրան առաջարկվել է բազմամիլիոնանոց պայմանագիր, սակայն իտալացի մասնագետը կտրականապես հրաժարվել է։ Պետական ​​ներդրումային հիմնադրամին են պատկանում մի շարք ակումբներ, այդ թվում՝ «Ալ-Նասրը», որի կազմում խաղում է Կրիշտիանու Ռոնալդուն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի նախագահ Էդնալդո Ռոդրիգեսը հայտնել էր, որ Անչելոտտին ազգային հավաքականը կգլխավորի 2024 թվականի ամռանը՝ «Ռեալի» հետ մարզչի պայմանագրի ավարտից անմիջապես հետո։ Իտալացի մասնագետն իսպանական ակումբում աշխատում է 2021 թվականից։ Նախկինում նա արդեն գլխավորել է «սերուցքայիններին» 2013-ից 2015 թվականներին։