«Նյուքասլը» հետաքրքրված է միանգամից երկու կիսապաշտպանով՝ «Չելսիից» Քոնոր Գալախերով և «Մանչեսթեր Սիթիից»՝ Կալվին Ֆիլիպսով, հայտնում է The Telegraph-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ «կաչաղակները» չեն ցանկանում վճարել անգլիացի երիտասարդ ֆուտբոլիստների լիարժեք տրանսֆերների համար՝ սահմանափակ բյուջեի պատճառով։ Ակումբի ղեկավարները մտադիր են բանակցություններ վարել «Չելսիի» և «Սիթիի» հետ ֆուտբոլիստների վարձակալության շուրջ։
Հաղորդվում է, որ «Նյուքասլը» լրջորեն է հետարքրքվում Գալախերով: 23-ամյա կիսապաշտպանը երրորդ տրանսֆերային պատուհանն անընդմեջ հետաքրքրում է «կաչաղակներին»։
2022/2023 մրցաշրջանում Գալախերը «Չելսիի» կազմում անցկացրել է 45 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է երեք գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Ֆիլիպսը «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրել է 19 խաղ։
Ավելի վաղ հաղորդվում էր «Միլանի» կիսապաշտպան Սանդրո Տոնալիին գնելու մասին։