Marca-ն ընտրել է անցած մրցաշրջանի լավագույն խաղացողներին

Marca-ի իսպանական հրատարակությունն ընտրել է անցած մրցաշրջանի լավագույն խաղացողներին։

Քվեարկությանը մասնակցել են լրագրողներ, նախկին ֆուտբոլիստներ, մարզիչներ, Marca կայքի օգտատերեր։

Էրլինգ Հոլանդը («Մանչեսթեր Սիթի»)՝ 2022/23 թվականների լավագույն խաղացող։ Նրանից բացի լավագույն եռյակում են հայտնվել Լիոնել Մեսսին (ՊՍԺ/«Ինտեր» Մայամի) և Վինիսիուս Ժունիորը («Ռեալ» Մադրիդ): Չորրորդը Կիլիան Մբապպեն (ՊՍԺ) էր, իսկ լավագույն հնգյակը եզրափակեց Կևին դե Բրույնեն («Մանչեսթեր Սիթի»):

Հոլանդը «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել նախորդ ամառ Դորտմունդի «Բորուսիայից»: Նախորդ մրցաշրջանում 22-ամյա նորվեգացին թիմի կազմում անցկացրել է 53 խաղ՝ դառնալով 52 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։

«Մանչեսթեր Սիթին» անցյալ մրցաշրջանում իր պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Չեմպիոնների Լիգան։ Եզրափակչում Խոսեպ Գվարդիոլայի թիմը հաղթեց «Ինտերին» (1:0): Հոլանդը դարձավ մրցաշարի լավագույն ռմբարկուն։