Կրիշտիանու Ռոնալդուն կարող է դառնալ պորտուգալական լրատվամիջոցի բաժնետեր

Կրիշտիանու Ռոնալդուն կարող է դառնալ պորտուգալական Cofina լրատվամիջոցի խմբի բաժնետեր, այս մասին հայտարարել է հոլդինգի տնօրեն Լուիս Սանտանան։

«Կրիշտիանու Ռոնալդուն՝ բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը, ականավոր մարզիկը և հայտնի պորտուգալացին, որով մենք որպես ազգ պետք է հպարտանանք, կլինի մեծ մեդիա նախագծի մի մասը», – ասել է Սանտանան:

Cofina Media-ն, ի թիվս այլոց, ունի այնպիսի հրատարակություններ, ինչպիսիք են Correio da Manhã, CMTV, Negócios և Record:

Հատկանշական է, որ Եվրո-2016-ի ժամանակ Ռոնալդուն կոնֆլիկտի մեջ է մտել Correio da Manhã TV-ի (CMTV) լրագրողի հետ Եվրո-2016-ի խմբային փուլի 3-րդ տուրի Հունգարիայի դեմ հանդիպման նախօրեին։

Պորտուգալիայի հավաքականի խաղացողները քայլում էին լճի մոտ, երբ պորտուգալական հեռուստաալիքի թղթակիցը ճանապարհ ընկավ դեպի Ռոնալդուն և հարցրեց. «Ռոնալդու, պատրա՞ստ ես այսօրվա խաղին»։ Պորտուգալացին ոչ մի բառ չասաց, լրագրողի ձեռքից խլեց խոսափողն ու նետեց լիճը։

Մինչ այդ Ռոնալդուն բազմիցս մեղադրել էր CMTV-ին ստելու և՛ իր անձնական, և՛ ընտանեկան կյանքի մասին հակասական տեղեկություններ հրապարակելու մեջ։ Բացի այդ, Ռոնալդուն վետո է դրել Correio da Manhã-ի աշխատակիցների հետ շփումների վրա: