Սանդրո Տոնալին արտասվել է, երբ իմացել է, որ «Միլանը» ցանկանում է վաճառել նրան

Հայտնի են դարձել կիսապաշտպան Սանդրո Տոնալիի «Միլանից» «Նյուքասլ» հնարավոր տեղափոխության մանրամասները: Ինչպես հաղորդում է MilanLive-ը՝ 23-ամյա իտալացին չի ցանկացել հեռանալ ակումբից։ Տեղեկանալով, որ «Միլանը» պատրաստվում է վաճառել իրեն, ֆուտբոլիստը լաց է եղել։

Նշվում է, որ ֆուտբոլիստին զանգահարել է «ռոսոներիների» գլխավոր սկաուտ Ժոֆրե Մոնկադան, ով հորդորել է Տոնալիին համաձայնել «Նյուքասլի» առաջարկին: Որպես լծակ մերժման դեպքում՝ Մոնկադան խոստացել է վերանայել պայմանագրի պայմանները մինչև 2027 թվականը։ Տոնալիի հեռանալու որոշման վրա ազդել է նաև Պաոլո Մալդինիի՝ ակումբի տնօրենի պաշտոնից հեռանալը։

Նախկինում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել էր, որ «Նյուքասլը» Տոնալիի համար վճարել է ռեկորդային 70 միլիոն եվրո։

Կիսապաշտպանը «Միլանում» հանդես է գալիս 2020 թվականի սեպտեմբերից։ 2022/23 մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում թիմի կազմում անցկացրած 48 խաղում դարձել է 2 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։