Զլատան Իբրահիմովիչ. «Միգուցե ես նորից խաղամ, երբեք չգիտես թե ինչ կլինի»

Շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է «Միլան» վերադառնալու հնարավորության մասին։

«Հիմա ես ինձ հանգիստ եմ զգում, շատ հանգիստ, և դա ինձ զարմացնում է, քանի որ չէի մտածում, որ այդքան հանգիստ կլինեմ։ Պատկերացնում էի, որ շատ ավելի լարված կլինեմ։ Որոշեցի հեռանալ, բայց մինչ այժմ հրաժեշտի խաղ անցկացնելու գաղափար չունեմ։ Տեսնենք հիմա ինչ կլինի, պետք չէ շտապել։ Ժամանակ կա։

Ես հպարտ եմ, որ մարդիկ ցանկանում են ինձ կրկին տեսնել «Միլանում», նույնիսկ եթե այլ դերում: «Միլանը» իմ սրտում է։ Այն, ինչի միջով անցել եմ այս ակումբի հետ, հավերժ մնում է իմ ներսում։

Հիմա ես չեմ շտապում։ Տեսնենք, թե ինչ կլինի։ Ընդամենը երեք շաբաթ է անցել: Միգուցե ես նորից խաղամ, երբեք չգիտես թե ինչ կլինի։ Հնարավոր է՝ մեկ ամսից լինեմ «Միլանի» ուսումնամարզական հավաքում,- Իբրահիմովիչի խոսքերն է մեջբերում Calciomercato.com-ը։

Հիշեցնենք, որ 41-ամյա հարձակվողը հունիսի սկզբին հայտարարեց կարիերան ավարտելու մասին: