Ֆեդերիկո Վալվերդեն խոսել է իր ապագայի մասին

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն անդրադարձել է Պրեմիեր Լիգայի ակումբների հետաքրքրության մասին հարցին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 24-ամյա ուրուգվայցու ծառայություններով հետաքրքրված են «Չելսին» և «Լիվերպուլը»։

«Ոչ-ոչ։ Ես Մադրիդում եմ՝ փորձելով վայելել ամեն պահը և իմ հետքը թողնել աշխարհի լավագույն ակումբում։ Ցանկանում եմ շարունակել տիտղոսներ նվաճել «Ռեալի» երկրպագուների համար», – Վալվերդեի խոսքերն է մեջբերում ESPN Argentina-ն։

Նախորդ մրցաշրջանում Վալվերդեն «Ռեալի» կազմում անցկացրել է 56 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 12 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը մադրիդցիների հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։