Կարիմ Բենզեման պատրաստվում է մրցաշրջանի ավարտից հետո հեռանալ թիմից

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման պատրաստվում է մրցաշրջանի ավարտից հետո հեռանալ թիմից։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 35-ամյա ֆրանսիացին շահավետ առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայից, որտեղ կարող է վաստակել 200 մլն եվրո։

Ինչպես հայտնում է Defensacentral-ը, Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիին ասել է, որ Բենզեման 90% շանս ունի այս ամառ հեռանալ «Սանտյագո Բեռնաբեուից» և տեղափոխվել սաուդյան ակումբ։ Միաժամանակ Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է ֆրանսիացու հետ պայմանագիրը ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հարցում։

Իսպանական լրատվամիջոցները հայտնում են, որ Մադրիդի «Ռեալի» երկրպագուներն արդեն պատրաստում են ելույթը Լա լիգայի վերջին տուրի՝ «Ատլետիկի» դեմ խաղի համար, որը կարող է լինել Բենզեմայի վերջին խաղը սերուցքայինների համար։

2022/23 մրցաշրջանում Բենզեման Արքայական ակումբի կազմում անցկացրած 42 խաղում խփել է 30 գոլ։