«Միլանի» ակադեմիայի մանկապատանեկան ճամբարն արդեն Հայաստանում է (ֆոտոշարք)

Յոթ տարվա փորձով ու համաշխարհային մեծության ֆուտբոլիստ դառնալու երազանքով, 15-ամյա Ստյոպան Կապանից ժամանել է Երևան՝ Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբար։

«Երազում եմ աշխարհահռչակ ֆուտբոլիստ դառնալ ու էական չէ, թե որ ակումբում կխաղամ», – ասում է Ստյոպան:

Ամերիաբանկի նախաձեռնությամբ կազմակերպված այս միջոցառումը մարզաբնակ պատանի ֆուտբոլիստների համար և՛ տոն է, և՛ բացառիկ հնարավորություն՝ շփվելու ու մարզվելու համաշխարհային մեծության մարզիչների հետ։

Նախաձեռնությանը միացել են Հայաստանի առաջատար բրենդները` Team Telecom Armenia-ն, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» և «Տաշիր» ընկերությունների խումբը: Ճամբարն անցկացվում է «Այսօր խփենք վաղվա գոլը միասին» կարգախոսի ներքո:

Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարի կազմակերպիչ և համակարգող Լուկա Ամադեսին ընդգծեց, որ սկսած 1998 թվականից` այս ճամբարն իր հավաքներն է անցկացնում ամբողջ աշխարհում։

Միայն այս տարի ճամբարների հավաքներին մասնակցելու է ավելի քան 7 հազար պատանի ամբողջ աշխարհից․

«Մեր գլխավոր նպատակը երեխաներին ևս մեկ քայլ առաջ տանելն է։ Պարտադիր չէ, որ բոլորը դառնան պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ, սակայն այս մարզումները նրանց մոտ շատ ավելի կարևոր հատկանիշներ են դաստիարակում, որոնք կօգնեն նրանց ամբողջ կյանքում»,- ասում է Ամադեսսին։

Ճամբարի ասուլիսի ժամանակ հատուկ ուշադրություն դարձվեց կանանց ֆուտբոլին, որն ավելի մեծ ժողովրդականություն է սկսել վայելել։

Ճամբարի մարզիչ Կլաուդիո Զոլան բավականին զարմացած է, քանի որ սովորաբար ճամբարներին աղջիկների մասնակցությունը բավականին հազվադեպ, որոշ երկրներում նույնիսկ էկզոտիկ երևույթ է։

«Առաջին անգամ եմ տեսնում, որ տղաների ու աղջիկների թիվը համաչափ լինի», – նշում է Զոլան:

Պատանիների մարզումները կազմակերպվում են երկու փուլով` դաշտային մարզումներ ու խաղեր, և ներշենքային պարապմունքներ: Առաջնահերթությունը տրվում է շփմանը, նոր ծանոթություններին ու թիմային մտածելակերպի ձևավորմանը.

«Ես միշտ երեխաներին ասում եմ, որ տեխնիկական հնարքներն իհարկե կարևոր են, սակայն պետք է հիշել, որ ֆուտբոլը առաջին հերթին խաղ է, և եթե դու հաճույք չես ստանում այդ խաղից, ուրեմն այստեղ անելիք չունես», – ասում է մարզիչ Կլաուդիո Զոլան:


Ըստ Զոլայի` սպորտի ամենամեծ առավելությունն այն է, որ դու ամեն օր կարող ես կատարելագործվել: