Անգլիական «Նյուքասլը» 20 տարի անց վերադարձավ Չեմպիոնների Լիգա (VIDEO)

Անգլիայի առաջնության 37-րդ տուրում «Նյուքասլը» սեփական հարկի տակ մրցեց վտանգավոր գոտում ընթացող «Լեսթերի» հետ: Այս խաղում հաշիվը չբացվեց՝ 0-0:

Վերջին տուրից առաջ «Նյուքասլը» 70 միավորով ամրապնդվեց 3-րդ հորիզոնականում և 5-րդ տեղում ընթացող «Լիվերպուլի» համար դարձավ անհասանելի: Յուրգեն Կլոպի թիմն ունի 66 միավոր:

Արդյունքում՝ «Նյուքասլը» Չեմպիոնների Լիգայում խաղալու հնարավորություն ստացավ: Վերջին անգամ «կաչաղակները» Չեմպիոնների Լիգայում հանդես էին եկել ուղիղ 20 տարի առաջ՝ 2003/04 մրցաշրջանում, երբ չէին կարողացել հաղթահարել որակավորման 3-րդ փուլի արգելքը՝ զիջելով Բելգրադի «Պարտիզանին»` 1-0; 0-1, իսկ 11 մետրանոցներով` 3-4:

«Նյուքասլը» դրանից առաջ կարողացել էր երկու անգամ մասնակցել Չեմպիոնների Լիգայի խմբային մրցաշարերին: Առաջին մասնակցությունը՝ 1997/98 մրցաշրջանում էր, երբ «Նյուքասլը» խմբում զբաղեցրեց միայն երրորդ տեղը՝ իրենից առաջ թողնելով Կիևի «Դինամոյին» և «ՊՍՎ Էյնդհովենին», ինչի արդյունքում դուրս մնաց հետագա մրցապայքարից:

2002/03 մրցաշրջանում «Նյուքասլը» նույն խմբում ընդգրկված լինելով «Յուվենտուսի», Կիևի «Դինամոյի» և «Ֆեյենորդի» հետ՝ թուրինյան ակումբի հետ պայքարը շարունակելու իրավունք նվաճեց, սակայն խմբային երկրորդ փուլը հաղթահարել չկարողացավ՝ «Բարսելոնայի» և «Ինտերի» թիկունքում զբաղեցնելով միայն երրորդ տեղը և դադարեցնելով մրցելույթները: 

Հետաքրքիր փաստ. Երկու դեպքում էլ, երբ «Նյուքասլը» խաղացել է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլում, «Յուվենտուսը» հասել է տվյալ խաղարկության եզրափակիչ, սակայն երկու դեպքում էլ թուրինյան ակումբին չի հաջողվել նվաճել պատվավոր գավաթը՝ 1997/98 մրցաշրջանի եզրափակիչում ետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում զիջելով «Միլանին», իսկ հինգ տարի անց Մադրիդի «Ռեալին»՝ 0-1 հաշվով: 

Այս անգամ «Յուվենտուսը» Չեմպիոնների Լիգայի մասնակիցների շարքում չի լինելու: