«Պրոֆֆուտբոլը» զրուցել է ղազախական «Մակտաարալի» 27-ամյա հայ կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանի հետ.
– Տեղափոխվել եք ղազախական «Մաքտաարալ»։ 9 հանդիպումից հետո հասցրել եք 3 գոլ խփել։ Ունե՞իք այլ առաջարկներ ու ինչո՞ւ ընտրեցիք այս թիմը և ինչպե՞ս կգնահատեք մրցաշրջանը։
– Ղազախստանում մրցաշրջանը սկսվել է գարնանը և այս մրցաշրջանում խաղացել եմ միայն մեկ ակումբում՝ «Մակտաարալում»։ Բնականաբար, դեռ վաղ է գնահատական տալ, քանի որ խաղերի մեծամասնությունը առջում է։ Ձմռանը ունեցածս առաջարկների շուրջ մտածելուց և տարբեր հանգամանքներ հաշվի առնելուց հետո որոշեցի ընտրել «Մակտաարալի» տարբերակը, քանի որ դա լավագույնն էր այդ պահին։ Խոսել էի նաև Արամ Հայրապետյանի հետ, և նա դրական էր արտահայտվել ակումբի մասին։
– Ամռանը սպասե՞նք, որ կավարտվի Ձեր՝ ղազախական «պատմությունը» ու այլ առաջնությունում կտեսնենք, թե՞ կմնաք Ղազախստանում։
– Ես մոտ երկու ամիս առաջ եմ միացել «Մակտաարալին» և հիմա չեմ մտածում այլ ակումբում հանդես գալու մասին։ Այժմ կենտրոնացած եմ ներկայիս ակումբի կազմում հաջող ելույթներ ունենալու վրա։
– Իսկ դիտե՞լ եք Հայաստանի վերջին 2 հանդիպումները։ Ի՞նչ կասեք թիմի խաղի մասին։
– Իհարկե դիտել եմ, երկու խաղերում էլ շատ դրական բաներ կային հավաքականի խաղում։ Թուրքիայի դեմ խաղում գրանցված արդյունքը շատ ցավալի է՝ հաշվի առնելով թիմի ցույց տված խաղը։ Կարծում եմ, որ մեր թիմն արժանի չէր պարտության։ Կիպրոսի դեմ ընկերական խաղը նույնպես շատ հետաքրքիր էր։