Երևանի «Փյունիկը» պաշտոնական հաղորդագրություն է տարածել՝ նորողություն խնդրելով Եղիշե Մելիքյանի անունից

Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգայի գործող չեմպիոն Երևանի «Փյունիկը» հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ:

Հարգելի՛ ֆուտբոլային հանրություն,

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի անունից ափսոսանք ենք հայտնում ու ներողություն խնդրում Աբովյանի քաղաքային մարզադաշտում Հայաստանի Fastex Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում «Նոա»-«Փյունիկ» խաղում տեղի ունեցած միջադեպի համար։

Գաղտնիք չէ, որ «Փյունիկ ՖԱ»-ի փիլիսոփայության ու արժեքների հիմքում առաջին հերթին ընկած է հարգանքը մրցակիցների նկատմամբ։ Սա է պատճառը, որ մեր ակումբը հասկանում է, որ նման երևույթները ֆուտբոլում չեն կարող տեղ ունենալ։

Քաջ գիտակցում ենք, որ մենք՝ որպես Հայաստանի գործող չեմպիոն, չպետք է թույլ տանք, որպեսզի նման դեպքերն ունենան շարունակական բնույթ:

Սա պատշաճ առիթ է ևս մեկ անգամ հիշեցնելու բոլորին, որ չնայած ֆուտբոլի էմոցիոնալ կողմի, մենք պարտավոր ենք անդավաճան մնալ այս մարզաձևի ամենակարևոր օրենքին՝ հարգանքին:

Հուսով ենք, որ հայկական ֆուտբոլի և ոչ մի երկրպագու այլևս ականատես չի լինի նմանատիպ միջադեպի և կվայելի այս տեսարժան խաղի յուրաքանչյուր րոպեն:

Բոլորին մաղթում ենք ամուր նյարդեր մրցաշրջանի այս կարևորագույն շրջանում»,- ասվում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ «Նոա» – «Փյունիկ» Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրի խաղում (1-3): Աբովյանի քաղաքային մարզադաշտում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Եղիշե Մելիքյանը և «Նոայի» մարզիչ Ռոբերտ Արզումանյանը վիճաբանել էին: