Վահագն Այվազյան. «Կդառնա չեմպիոն այն թիմը, որն ամենաքիչը կսխալվի»

«Պրոֆֆուտբոլը» զրուցել է «Ուրարտուի» նախկին ֆուտբոլիստ, 31-ամյա Վահագն Այվազյանի հետ։

— Երկար տարիներ խաղացել եք «Ուրարտուում»։ Ի՞նչ տարբերություններ եք տեսնում Ձեր ժամանկվա ու այսօրվա «Ուրարտուում»։
Կարծում եմ՝ մեր ժամանակվա «Ուրարտուի» կազմում ավելի շատ գերակշռում էին լեգեոնականները, իսկ հիմա ավելի շատ հնարավորություն է տրվում երիտասարդ, խոստումնալից ու հենց տեղի սաներին, որոնք օգտվում են այդ հնարավորությունից և արդարացնում իրենց։ Դրա հետ մեկտեղ կա մարզչական ճիշտ աշխատանք։ Այս ամենը կապվում են իրար, և այսօր ունենք գավաթակիր «Ուրարտու», որի առթիվ ուզում եմ շնորհավորել իմ սիրելի ակումբին, և չեմպիոնության գնացող իսկական թիմ։

Վերջին անգամ, երբ «Ուրարտուն» հռչակվեց Հայաստանի չեմպիոն, Դուք այդ թիմում էիք։ Ի՞նչ կհիշեք այդ մրցաշրջանից։
Մոտ 10 տարի է անցել այդ մրցաշրջանից, որը կմնա իմ հուշերում միշտ։ Աննկարագրելի զգացողություններ էին, որոնք կզգա միայն այն մարդը, ով չեմպիոն է դառնում։

— Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգայում չեմպիոնական պայքարը գերլարված է, և երկար ընդմիջումից հետո «Ուրարտուն» կարող է դառնալ չեմպիոն։ Ի՞նչ կասեք չեմպիոնական մրցավազքի մասին։
Չեմպիոնական մրցավազքը ինչպես միշտ լարված է, ու կդառնա չեմպիոն այն թիմը, որը ամենաքիչը կսխալվի վերջին խաղերում։

— Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգայի այս մրցաշրջանում ո՞րը թիմը Ձեզ տպավորեց, և ո՞ր թիմը հակասական տպավորություն թողեց։
Կարծում եմ՝ անհաջող մեկնարկից հետո «Փյունիկը» կրկին հավաքեց իր ուժերը, և միացավ չեմպիոնական մրցավազքին, ինչը կրկին ցույց տվեց «Փյունիկի» բնավորությունը։ Սպասելիքները մեծ էին «Ալաշկերտից», բայց կարծես թե նույն դիրքում էլ մնաց՝ առանց մրցաշարային աղյուսակում վեր բարձրանալու։