Կատալոնական «Բարսելոնան» այս տարի, կարելի է ասել, ավարտեց իր մրցելույթները։ Հաջորդ խաղում հաղթանակը «Բարսելոնային» կապահովի Լա Լիգայի տիտղոսը։ Չնայած այս տարվա անհաջողությանը եվրագավաթներում՝ Չավիի սաները Իսպանիայում ուժեղագույնն էին։ Նրանք նվաճեցին Իսպանիայի սուպերգավաթը՝ եզրափակչում հաղթելով Մադրիդի «Ռեալին» և շուտով Լա Լիգան։
Ֆինանսական ծանր, Մեսսիի՝ թիմից հեռանալու, ղեկավարության խժդժությունների պայմաններում Չավին հավաքեց մի թիմ, որից շատ մեծ սպասելիքներ պետք չէր սպասել, սակայն հստակ է մի բան, որ Չավին «Բարսայում» մեծ փոփոխություններ է արել, ու շուտով թիմը նաև կհաջողի եվրագավաթներում։ Սակայն, այնուամենայնիվ, ի՞նչ է պետք կատալոնական թիմին՝ գալիք մրցաշրջանում էլ ավելի հզորանալու, կայունանալու ու մեծ դիմակայություններում ավելի լավ հանդես գալու համար։
Կադրային «համաճարակ»
«Բարսելոնան» այս ամռանը որակյալ տրանաֆերներ իրականացրեց։ Նման տրանսֆերներ «Բարսելոնան» արել էր դեռ 2014/15 մրցաշրջանից առաջ, երբ թիմը գլխավորեց Լուիս Էնրիկեն, ով թիմ հրավիրեց Լուիս Սուարեսին, Իվան Ռակիտիչին, Կլաուդիո Բրավոյին, Տեր Շտեգենին և շատ այլ խաղացողների, որոնց շնորհիվ կարողացավ թրեբլ ձևակերպել։ Ճիշտ է, Չավին ևս ունեցավ որակյալ համալրումներ, բայց նրանք վճռորոշ դեր շատ չխաղացին։
Եթե դարպասապահի գոտում շատ ասելիք չկա, ապա պաշտպանությունում շատ են խնդիրները։ Նախ, հիմնական կազմի խաղացողներից մեկի վնասվածքի դեպքում համարժեք փոխարինող չի գտնվում։ Քրիստենսենի, Արաուխոյի ու Կունդեի վնասվածքների դեպքում համարժեք փոխարինողներ չկան։ Ալեխանդրո Բալդեն, այո՛, լավն է, սակայն Ալբան հարկ եղած դեպքում լիարժեք փոխարինում է, մեկ բան էլ ավելի։ Մարկոս Ալոնսոն ու Էրիկը այդպես էլ ոչինչ չարեցին «Բարսելոնայի» համար այս տարի։ Եթե Չավին շեշտ է դրել երիտասարդների վրա, ապա շատ ավելի հաճելի կլիներ Յոշկո Գվարդիոլի կամ Ռուբեն Դիաշի տարբերակները։ Աջ եզրային պաշտպանի գոտում ավելի լավ, քան Լևերկուզենի «Բայերի» աջ պաշտպան Ժերեմի Ֆրիմպոնգը, ով թիմի երկրորդ լավագույն ռմբարկուն է՝ խփած 9 գոլով, գուցե, չլինի։
Բուսկետսի հեռանալը շատ մոտ է թվում, ուստի հենակետային գոտում կա՛մ պետք է Չավին ընտրություն կատարի Դե Յոնգի ու Կեսիեի միջև կա՛մ Նիկոյին վերադարձնի կա՛մ մեկ այլ հենակետայինի գնի։ Ֆանտաստիկ կլիներ այս թիմում տեսնել Մանչեսթեր «Սիթիի» կիսապաշտպան Ռոդրիին, ով վստահաբար կփակի Բուսկետսի դիրքը։
Հարձակման գծում «Բարսելոնան» լուրջ կադրային ջարդ պետք է անի։ Այս հարձակման գծից կարելի է պահել միայն Դեմբելեին, Ռաֆինյային ու ինչ-որ վերապահումներով Լևանդվոսկուն։ Մյուս հարձակվողները այս մրցաշրջանում ստացել և ստանում են բավարար խաղաժամանակ, սակայն այդպես էլ նրանք չկարողացան ամրապնդվել թիմում։ Իհարկե, պետք են նոր ու երիտասարդ ձեռքբերումներ։
Կայունություն
Չավիի գլխավորած «Բարսելոնան» որքան թվում է կայուն է, նույնչափ անկայուն է։ Եվրագավաթներում նրանք ձախողում են։ Եթե այս տարի շատ խաղացողներ ունեին փորձի պակաս, ապա գալիք տարի սա մեգա ձախողում կլինի, ու անիմաստ կլինի Չավիին այլևս վատահելը։ Երկու մրցաշրջան անընդմեջ Չավիի թիմը մրցաշրջանի երկրորդ հատվածի կեսում ձախողում է։ Նախորդ տարի «Այնթրախտի» դեմ առաջին խաղից սկսած «Բարսելոնան» մոռացել էր, թե ինչու է դաշտ դուրս գալիս։ Այս տարի այդ նույն պատկերը ՄՅՈւ-ի դեմ խաղից հետո եղավ, բայց լավ է, որ երկար ժամանակ թմբիրի մեջ չմնաց թիմը։ Այո՛, վնասվածքները շատ էին, գուցե, չափից շատ, սակայն պատասխանատվությունը պետք չէ կորցնել։
Պեդրիի լինելիությունը
Լիոնել Մեսսիից հետո թվում էր, թե ընդգծված ուղեղ խաղադաշտի կենտրոնում դժվար լինի, սակայն Պեդրին իր խաղով ու ամեն ինչով բարելավում ու զարդարում է «Բարսայի» խաղը։ Նրա ներկայությունը խաղադաշտում մի քանի կարևոր գործոնների վրա է ազդում։ Նախ, Գավին ավելի ազատ է լինում առանց գնդակի շարժվելիս ու կարողանում է միանալ Լևանդովսկուն թիկունքից։ Լևանդովսկին Պեդրիի ներկայության ժամանակ այլևս խաղադաշտի կենտրոն չի նահանջում, ինչը ազատ տարածություն է բացում խաղադաշտի կենտրոնում՝ դեպի մրցակցի տուգանային հրապարակը։ Եզրերում սրություն է առաջացնում կատարած փոխանցումներով։
Պեդրիի չլինելը խաղադաշտում երկու անգամ մեծ անհաջողության է բերել «Բարսային»։ Նախ, անցած տարի՝ «Այնթրախտի» դեմ խաղում, նա վնասվածք ստացավ, ու իրենից հետո խամրեց «Բարսայի» թե՛ այդ խաղը, թե՛ մրցաշրջանի հետագա հանդիպումները։ Այս տարի ևս նա վնասվածք ստացավ ՄՅՈւ-ի դեմ խաղից առաջ, ու արդյունքում «Բարսան» դուրս մնաց նաև ԵԼ-ից։
Չավին շատ անելիք ունի, սակայն գործի մեծ ու գլխավոր մասը արդեն արված է, մնում է սթափ գնահատել իրավիճակը ու ճիշտ որոշումներ ընդունել։