Ռոբերտ Լևանդովսկի. «Եվրոպայում շատերը ցանկանում են, որ Դորտմունդի «Բորուսիան» հաղթի Բունդեսլիգայում

Դորտմունդի «Բորուսիայի» և Մյունխենի «Բավարիայի» նախկին հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, ով այժմ հանդես է գալիս իսպանական «Բարսելոնայում», խոսել է այս մրցաշրջանում Բունդեսլիգայի չեմպիոնական մրցավազքի նկատմամբ իր վերաբերմունքի մասին՝ նշելով, որ Եվրոպայում շատերը ցանկանում են, որ դորտմունդյան ակումբը նվաճի տիտղոսը, քանի որ դա օգուտ կբերի առաջնությանը:

«Եթե երկու թիմերից մեկը հիմա սխալվի, մյուսը կդառնա Գերմանիայի չեմպիոն։ Բայց ես կարծում եմ, որ «Բավարիան» հիմա ճիշտ ուղու վրա է:

Իհարկե, վերջին մի քանի շաբաթների ընթացքում շատ որոշումներ են կայացվել, որոնք կարող են ազդել թիմի վրա: Բայց իրավիճակը, իհարկե, վերահսկելի է:

Ես լսել եմ, որ Եվրոպայում շատերն են ասում, որ Բունդեսլիգայի համար ավելի լավ կլիներ, եթե Դորտմունդի «Բորուսիան» հաղթեր առաջնությունը։

Բայց ես միշտ կաջակցեմ «Բավարիային»։ Վերջին երեք տուրերը շատ հետաքրքիր են լինելու»,- Լևանդովսկու խոսքերն է մեջբերում Ran-ը։