Fastex ՀՊԼ-ում եռիշխանություն է, ո՞վ կտիրանա չեմպիոնի կոչմանը

Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգայում չեմպիոնական ինտրիգը գնալով սրվում է։ «Ուրարտուն», «Արարատ-Արմենիան» ու «Փյունիկը» վիճարկում են չեմպիոնի տիտղոսը։ Վերջինս ձմեռային դադարից հետո միավորների զգալի տարբերությամբ զիջում էր մինչ այժմ առաջատար «Ուրարտուին»։ Ո՞ր թիմի հնարավորություններն են ավելի շատ՝ չեմպիոն դառնալու համար։

«Ուրարտու»

Դմիտրի Գունկոյի թիմը մրցաշրջանի երկրորդ հատվածում զգալի միավորներ կորցրեց, այլապես «Ուրարտուն» արդեն կարող էր չեմպիոն դառնալ։ Իրավիճակը «Ուրարտույում» դժվար է, քանի որ նրանք այժմ թիկունքում զգում են հատկապես «Փյունիկի» շնչառությունն, ու սա ավելորդ լարվածություն է մտցնելու նրանց թե՛ հոգեբանությամ, թե՛ խաղի մեջ։ Վերջին 5 խաղերից հետո երևանյան թիմը ընդամենը 2 հաղթանակ ունի, 2 ոչ-ոքի և 1 պարտություն, այնինչ մինչ այս հանդիպումները թիմը միայն հաղթել էր մրցակիցներին՝ ոչ մի գնդակ բաց չթողնելով 2023 թվականին։

«Ուրարտուն» ընդամենը 3 միավորով է առաջ երկրորդ հորիզոնականից, ուստի ևս մեկ պարտությունը կարող է հանգուցալուծել ստեղծված իրավիճակը։ Կարևոր է նշել նաև հետևյալը, որ Դմիտրի Գունկոն 3 մրցաշրջան անընդեմւ կարող է բաց թողնել չեմպիոնությունը՝ երկրորդ հատվածից առաջ կորցնելով բազում միավորներ։

Կորցրած միավորները «Ուրարտուն» կարծես կարողանում է հետ բերել․ նրանք վերջին 2 խաղում հաղթել են՝ 3-1 հաշվով «Շիրակին» և 5-0՝ «Վանին»։ Դմիտրի Գունկոյի թիմին մնում է 6 հանդիպում, որից մեկը հենց «Փյունիկի» դեմ է, ինչը մրցաշրջանի նախավերջին մրցափուլում է կայանալու․ ուստի այդ խաղը կարող է չեմպիոնական համարվել։

«Փյունիկ»

Եղիշե Մելիքյանը հայկական ֆուտբոլին նոր ոճ ու շունչ է շարունակում բերել, քանի որ զիջելով այդքան շատ միավորներ ու հասնել մրցաշրջանի վերջում՝ ամեն թիմ ու մարզիչ չի կարող անել, այն էլ երկրորդ անգամ անընդմեջ։ «Փյունիկը» իր գլխավոր մրցակիցներից մեկին ընդամենը վերջերս ջախջախեց 4-1 հաշվով՝ «Արարատ-Արմենիային»։ Fastex ՀՊԼ-ում «Փյունիկը» միայն հաղթել է 2023 թվականին։

Մելիքյանի թիմը իսկապես զարմացնում է իր խաղով։ Նրանք ընդամենը 3 միավոր են զիջում «Ուրարտուին», սակայն թվում է, թե այդ միավորները ևս կչեզոքացնեն։ Պետք չէ մոռանալ, որ ապրիլի 11-ին «Փյունիկը» կարողացավ առավելության հասնել «Ուրարտուի» նկատմամբ։ «Փյունիկն» իր սկզբունքային մրցակիցներից մյուսին պարտվելիս հաղթեց՝ «Արարատ-Արմենիային»։ Սա խոսում է այն հոգեբանության ու մոտիվացիայի մասին, որն ունի այս թիմն ու այդ պատճառով էլ նրանք Կոնֆերենցիաների Լիգայում կարողացան 2 հաղթանակ տոնել։

ՀՊԼ-ի նախավերջին մրցափուլում «Փյունիկը» կարող է հաղթել ու չեմպիոնությունը խլել «Ուրարտուից», ինչը ամիսներ առաջ ասում էր Եղիշե Մելիքյանը։

«Արարատ-Արմենիա»

Ի տարբերություն վերոնշյալ թիմերի՝ «Արարատ-Արմենիան» չի կարողանում դեռևս խաղալ այն ֆուտբոլը, որին սովոր ենք տեսնել։ Վարդան Բիչախչյանը թիմին տանում է դեպի չեմպիոնություն, սակայն մեծ մրցավեճերում թիմը չի կարողանում ցույց տալ այն, ինչը երկրպագուները սպասում են։

«Արարատ-Արմենիան» հաղթանակը բաց թողեց «Ուրարտուի» դեմ խաղում, իսկ «Փյունիկից» 1-0 հաշվով հաղթելու ժամանակ 4 գնդակ բաց թողեցին։ Ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ չկարողացավ թիմը լավ համալրումներ ունենալ, սա ևս խանգարեց թիմին՝ ավելի շատ միավորներ վաստակելու համար։ Սակայն, անկախ ամեն ինչից «Արարատ-Արմենիան» դեռևս շարունակում է պայքարը ՀՊԼ-ի չեմպիոնության համար։

«Արարատ-Արմենիան» հայկական միակ ակումբն էր մինչ «Փյունիկի» դեմ խաղը, որը այս տարի դեռևս պարտություն չէր կրել։ 4-1 հաշվով պարտությունը կարծես սթափեցրել է Վարդան Բիչախչյանի թիմին, քանի որ նրանք երեկ հաղթեցին «Արարատին» 2-1 հաշվով։ Հաշվի առնելով, որ «Արարատ-Արմենիան» ավելի հեշտ մրցակիցների հետ է մրցելու վերջին հանդիպումներում, ավելի թեթևացնում է թիմի գործը, սակայն 4 միավորով առաջատարին զիջելը այժմ մեծ է։

Վերջին մի քանի տարիներին ՀՊԼ-ում չեմպիոնության հարցը լուծվում է միայն վերջին տուրերում, այս տարին հուսով ենք ևս բացառություն չի լինի։ «Ուրարտու», «Փյունիկ», «Արարատ-Արմենիա»․ ո՞վ կտիրանան չեմպիոնությանը։