Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգայի 7 ակումբների շնորհվեցին ՈՒԵՖԱ-ի արտոնագրեր

Մայիսի 2-ին կայացավ ՀՖՖ ակումբների Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) հերթական նիստը, որի ընթացքում քննության էին դրվել «Ալաշկերտ», «Արարատ», «Արարատ-Արմենիա», «Ուրարտու», «Փյունիկ», «Նոա» և «Շիրակ» ակումբների արտոնագրային ֆինանսական չափանիշի՝ «ՈՒԵՖԱ»-ի արտոնագիր ստանալու համար ներկայացված փաստաթղթային փաթեթները: Մարզական համապատասխան որակավորում ստանալու դեպքում այդ արտոնագրերը նրանց իրավունք են ընձեռում մասնակցելու ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերի 2023/2024թթ․ խաղարկությանը, այս մասին հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը:

Քննության դրված ֆինանսական փաթեթների հիման վրա Արտոնագրման բաժնի փորձագետներն անցկացրել էին համապատասխան ստուգումներ: Դրանց արդյունքները մանրամասնորեն ներկայացվեցին Արտոնագրման բաժնի պետի և ֆինանսական փորձագետի կողմից: Հիմնվելով մասնագետների եզրակացությունների և ստուգման արդյունքների վրա` Արտոնագրման կոմիտեն միաձայն որոշում կայացրեց «ՈՒԵՖԱ»-ի արտոնագրեր շնորհել թեկնածու բոլոր ակումբներին։

Հավելենք նաև, որ որևէ ակումբ հայտ չէր ներկայացրել մասնակցելու ՈՒԵՖԱ-ի Կանանց Չեմպիոնների Լիգայի արտոնագրման գործընթացին։