«Պրոֆֆուտբոլը» նշում է հիմնադրման 23-րդ տարեդարձը

2000 թվականի մայիսի 1-ին առաջին անգամ եթեր հեռարձակվեց «Պրոֆֆուտբոլի» անդրանիկ թողարկումը: Մեծ մասսայականություն վայելող հաղորդաշարն առաջին երկու տարիներին հեռարձակվել է «Ա1+» հեռուստաալիքով և կրել է «Ա1+Ֆուտբոլ» անվանումը, իսկ 2002 թվականից հեռարձակվել է «Շողակաթով»՝ արդեն «Պրոֆֆուտբոլ» անվանումով: Հետագա տարիների ընթացքում «Պրոֆֆուտբոլը» հեռարձակվել է նաև «Կենտրոն» և «Հ2» հեռուստաալիքներով՝ երկար տարիներ հանդիսանալով մեր Հանրապետության սպորտային լավագույն հաղորդաշար:

«Պրոֆֆուտբոլը» եղել է լրատվական ամենօրյա հաղորդաշար, որը ունեցել է նաև շաբաթօրյա և կիրակնօրյա առանձնահատուկ լրացուցիչ հավելված-թողարկումներ: Ընդհանուր հաշվով վերցրած «Պրոֆֆուտբոլը» եթերում ունեցել է ավելի քան 7.000 թողարկում: Ամենօրյա հաղորդաշարին զուգահեռ եղել են նաև «Պրոֆֆուտբոլ» շաբաթաթերթն ու «Պրոֆֆուտբոլ սպորտային Պորտալը», որն իր տեսակի մեջ առաջին էր ամբողջ ԱՊՀ-ում:

2008 թվականին «Պրոֆֆուտբոլը» ՀՀ-ում առաջինը սպորտային ԶԼՄ-ներից սկսեց լուրջ նկարահանումներ իրականացնել ֆուտբոլային Եվրոպայում: Այս տարիների ընթացքում ունեցել ենք մի քանի տասնյակ էքսկլյուզիվ հրավերներ Իսպանիայից, Իտալիայից, Գերմանիայից, Պորտուգալիայից… և ունեցել ենք ավելի քան 100 էքսկլյուզիվ նկարահանումներ և հանդիպումներ, որոնք սկսել ենք տեղադրել Յութուբյան մեր ալիքում: Երկար տարիների ընթացքում ձևավորված սերտ կապերի շնորհիվ «Պրոֆֆուտբոլն» ազատ նկարահանումների արտոնյալ իրավունք ունի եվրոպական ավելի քան 300 թիմերի հետ:

«Պրոֆֆուտբոլ» հաղորդաշարը նաև հանդիսանում է «Գինեսի ռեկորդների գրքի» եռակի թեկնածու. 19,5 տարի շարունակ ամեն օր եթերում լինելու համար, որ այդ տարիների ընթացքում հաղորդավարը երբևիցե կադրում չի երևացել և որ յուրաքանչյուր թողարկման համար անհրաժեշտ շուրջ մեկ տասնյակ հաստիքային աշխատանքը միայնակ արել է հաղորդավարը՝ Սենիկ Կարա-Պողոսյանը:

Բոլորի կողմից մեծ մասսայականություն են վայելել նաև «Պրոֆֆուտբոլի» ֆուտբոլա-երաժշտական տեսահոլովակները, որոնցից մեկը ներկայացնում ենք ստորև:

«Պրոֆֆուտբոլի» 23-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհավորում ենք նաև մեր հավատարիմ բոլոր «պրոֆֆուտբոլիստներին» և մեր բոլոր գործընկերներին՝ այս երկար տարիների ընթացքում հավատարմորեն մեր կողքին լինելու համար:

Շնորհակալ ենք: