Ալբերտ Խաչումյան․ «Զրուցել եմ Ալեքսանդր Պետրակովի հետ»

PROFFOOTBALL-ը զրուցել է ԲԿՄԱ-ի պաշտպան Ալբերտ Խաչումյանի հետ։

– Ալբերտ, Դուք Ձեր կարիերան սկսել ու շարունակում եք Հայաստանում։ Արտերկրից առաջարկներ եղել են, և որո՞նք են այդ թիմերը։
– Խոսակցություններ եղել են, սակայն հստակ առաջարկ այդպես էլ չի եղել։

– Ի՞նչ կասեք ԲԿՄԱ-ի մասին։ Գալիք մրցաշրջանում Ձեզ այնտեղ ևս տեսնե՞նք։
– ԲԿՄԱ-ի մասին կարող եմ ասել, որ երիտասարդ թիմ ունենք ու ամեն խաղում փորձում ենք կատարելագործվել։ Մինչև մրցաշրջանի ավարտը ԲԿՄԱ-ի կազմում եմ լինելու, իսկ թե դրանից հետո ինչ կարող է լինել, չեմ կարող ասել։

– Հայաստանի հավաքականը սերնդափոխութուն է ապրում։ Դուք Կապարոսի օրոք հրավիրվեցիք հավաքական, նաև հանդիպում անցկացրիք։ Վերջին խաղերից հետո Պետրակովը կապ հաստատե՞լ է Ձեզ հետ։
– Զրուցել ենք Պետրակովի հետ։ Ներկա է եղել ԲԿՄԱ-ի մարզմանը, և այդ ժամանակ էլ զրուցել ենք։ Հավաքականը սերնդափոխություն է ապրում, ինչպես նշեցիք, և ես վստահ եմ, որ կգա ժամանակ, և մենք կհասնենք մեր նպատակներին։

– Եվ վերջում. շատ երկրպագուների հետաքրքում է, թե ինչո՞ւ է Ձեր մորուքի մի փոքր մաս սպիտակ։ Ինչո՞վ է պայմանավորված դա։
– Պարզապես փոքր տարիքում նշան է եղել, ոչ մի այլ բան։