Արման Ներսեսյան․ «Հայկական ակումբները չեն վստահում հայ դարպասապահներին ՀՊԼ-ում»

Այս անգամ զրուցել ենք ԲԿՄԱ-ի երիտասարդ դարպասապահ Արման Ներսեսյանի հետ։

– Արման, Դուք այժմ ԲԿՄԱ-ում եք հանդես գալիս։ Գալիք մրցաշրջանում այլ թիմում կտեսնե՞նք Ձեզ։
– Նոր թիմում հայտնվելու վերաբերյալ դեռ հստակ և պաշտոնական պատասխան չեմ կարող տալ, պարզ կլինի արդեն այս մրցաշրջանի ավարտից հետո։

– Երկար ժամանակ է, ինչ Հայաստանի հավաքականը խնդիր ունի դարպասապահի գոտում։ Դուք հեռանկարային ապագա ունեք։ Ի՞նչ կասեք այդ դիրքում խնդրի ու Ձեր՝ ապագայում համար առաջին դարպասապահը լինելու մասին։
– Իմ կարծիքով Հայաստանում մեր դիրքին վերաբերող խնդիրը կախված է նրանից, որ հայկական ակումբները չեն վստահում հայ դարպասապահներին: Մասնավորապես՝ հայ երիտասարդ դարպասապահներին։ Միշտ նպատակ եմ ունեցել ներկայացնել Հայաստանը միջազգային ասպարեզում և գլխավոր նպատակս՝ դա իրականացնել Ազգային թիմի կազմում։
Ինչ վերաբերում է ապագայում առաջինը լինելուն` դա կախված է միմիայն ինձանից և իմ ցուցադրած խաղից։ Իհարկե ձգտելու եմ դառնալ առաջին համարը։

– Պատահական չէր, որ Դուք հրավիրվել էիք Հայաստանի հավաքականի առաջիկա խաղին։ Գլխավոր մարզիչը Ձեզ հետ առանձին զրուցել է այդ մասին։
– Գարնանային հատվածը ԲԿՄԱ-ն սկսեց բավականին լավ մրցելույթներով։ Չնայած առաջին խաղում կրած պարտությանը՝ չընկճվեցինք և հաջորդ խաղում հաղթեցինք, որից հետո ևս մի քանի լավ հանդիպումներ անցկացրինք, թիմը վերելքի վրա էր, կարող էինք նաև հաղթել «Ալաշկերտին», բայց ցավոք չստասցվեց։ Շնորհակալ եմ բոլոր թիմակիցներիս, քանի որ առանց նրանց լավ խաղի և նվիրվածության հրավերը տեղի չէր ունենա, իսկ ես ամեն խաղին ևս փորձում եմ լավագույնս հանդես գալ և ամեն ինչով օգնել թիմին հասնել դրական արդյունքի։
Այո՛, մարզչի հետ ունեցել եմ զրույց, և պարոն Պետրակովը նշել է, որպեսզի շարունակեմ աշխատանքս նույն կերպ, շարժվեմ առաջ և գտնեմ տեղս հավաքականում երկար ժամանակով։

– Եվ վերջում. Ձեր կարիերայի այս հատվածում ո՞վ է եղել Ձեզ համար դժվար մրցակից։
– Բավական դժվար էին Ֆրանսիայի դեմ երկու խաղերը, որտեղից կարող եմ առանձնացնել Ռայան Չերխիին և Ուկրաինայի հավաքականից Միխայլո Մուդրիկին, երկուսն էլ բարձրակարգ ֆուտբոլիստներ են։