Սլավա Սարգսյան․ «Մեկը բոլորի, բոլորը մեկի համար սկզբունքով պետք է խաղան»

PROFFOOTBALL-ը զրուցել է սիրված մեկնաբան Սլավա Սարգսյանի հետ։

– Պարոն Սարգսյան, ի՞նչ կասեք 2008/09 թվականներին Հայաստան – Թուրքիա հանդիպումների մասին։ Ինչպիսի՞ տրամադրվածություն էր այն ժամանակ։
– Ավելորդ լարվածություն կար առաջին հերթին։ Այն ժամանակ աժիոտաժը շատ մեծ էր։ Պետք չէ մոռանալ, որ այդ հանդիպումները ֆուտբոլային դիվանագիտության շրջանակում էին։ Խաղերին ներկա էին երկու երկրների նախագահները, ֆեդերացիայի նախագահները, ՈւԵՖԱ-ի պաշտոնյաները։ Ֆուտբոլիստները լարված էին։ Երկու հանդիպումներում էլ ավելորդ էր այդ լարվածությունը։ Չմոռանանք, որ Թուրքիայի ընտրանին բարձրակարգ հավաքական էր նաև այն ժամանակ։

– Դուք մեկնաբանել եք Հայաստան – Թուրքիա հանդիպումները։ Ի՞նչ էիք զգում մեկնաբանական խցիկում։
– Ինձ մոտ առանձնապես լարվածություն չկար։ Ամեն դեպքում ուզում էի, որ մեր հավաքականը չպարտվի, սակայն դա էլ կարող էր խանգարել մեկնաբանել բարձր մակարդակով, բայց այդ ժամանակ ես ավելի փորձառու էի։

– Իսկ ի՞նչ սպասելիքներ ունեք այսօրվա խաղից։
– Դժվար է կոնկրետ բան ասելը, սակայն ֆուտբոլասերները ոգևորված են այս խաղից, անգամ մեծ թվով երկրպագուներ գնացել էին թիմի բաց մարզմանը։ Ես հիշում եմ, երբ «Արարատը» «Հանրապետական» մարզադաշտում մարզում էր անցկացնում, գրեթե ամբողջ տրիբունաները լեցուն էին դառնում։ Անգամ երբ հանդիպումները հենց այդտեղ էր լինում, տոմսերն արագ սպառվում էին, ու տոմս գտնելը դժվար էր։ Կարծում եմ, որ մեր տղաների համար դժվար չի լինի։ Մեկ խաղի համար կարող են անակնկալ մատուցել մրցակցին։ Պետք է ներդնել ողջ ուժն ու կարողությունները։ Դժվար է պատկերացնելը, թե ինչ հանդիպում կընթանա, բայց մենք բոլորս երկրպագելու ենք մեր ընտրանուն։

– Ի՞նչ ոգևորիչ խոսքեր կուզեք ասել մեր ընտրանուն։
– Համախմբվածություն եմ ուզում։ Մեկը բոլորի, բոլորը մեկի սկզբունքով պետք է խաղան։ Ոչինչ չի ավարտվում այս խաղով։ Պետք է իրենց ամբողջ ուժերը դնեն այս խաղում։ Պետք է ամբողջովին նվիրվել խաղադաշտում ու իրագործել պահերը։