Արտավազդ Քարամյան․ «Եթե հավատանք, հաջողության կհասնենք»

PROFFOOTBALL-ը զրուցել է նախկին ֆուտբոլիստ Արտավազդ Քարամյանի հետ։

Այժմ Դուք ԱՄՆ-ում եք։ Կնխդրեմ պատմել Ձեր գործունեության մասին։
«Լիոնս Յունայթեդ ԼԱ Գելեքսիում» այժմ մարզչական աշխատանք ենք կատարում։ Արման Քարամյանը գլխավոր մարզիչն է, ես մարզչի օգնականն եմ։ Թիմը ՄԼՍ-ից երկու դիվիզիոն ցածր է հանդես գալիս։ Նոր է թիմը ձևավորվում։ Արդեն մեկ շաբաթ է սկսել ենք հավաքը։ Մեկ ընկերական հանդիպում ենք անցկացրել և հաղթել ենք 3-1 հաշվով։ Մեկ ամսից սկսվում է նաև առաջնությունը։ Թիմի նախագահը Յուրա Մովսիսյանն է։ Ստեղծել ենք այս թիմը, որպեսզի մեր հայ ֆուտբոլիստները այստեղ մարզվեն։

– Ի՞նչ նմանություններ ու տարբերություններ կան ամերիկյան և հայկական ֆուտբոլի միջև։
– Հայկականը սկսում է դառնալ ավելի պրոֆեսիոնալ, ուղղակի պետք է զարգացնել մանկապատանեկան ֆուտբոլը։ Պարզապես մի խնդրանք ունեմ․ ամեն մի մարզիչ թող չմտածի, որ մարզիչ է, եթե չգիտի անգամ փոխանցումն ինչ է։ Շատ լավ մարզիչներ կան, ովքեր ավարտել են մարզչական դասերը, իրենք պետք է զարգացնեն մանկապատանեկան ֆուտբոլը։ Ամերիկյան ֆուտբոլը տարբերվում է նրանով, որ շատ-շատ ֆիզիկական պայքար կա այստեղ։ Եթե կհիշեք «Ալաշկերտը» մի քանի տարի առաջ քոլեջի թիմի պարտվեց։ Սա պրոֆեսիոնալ մոտեցում չէր։ Ենթակառուցավածքներն այստեղ ավելի շատ են, մանկապատանեկան դպրոցներ այստեղ շատ-շատ կան։ 

– Դուք մասնակցել եք ԱԱ-2010-ի ընտրական փուլի Թուրքիայի դեմ հանդիպումներին։ Ի՞նչ կհիշեք։
– Սպորտը չես կարող խառնել քաղաքականության հետ։ Մեծ պատասխանատվություն կար հաղթելու, չպարտվելու։ Ամեն ինչ արեցինք, բայց, ցավոք, չկարողացանք հաղթել։ Այն ժամանակ չունեինք շատ ֆուտբոլիստներ, ովքեր դրսում էին հանդես գալիս։ Ցավոք, պարտվեցինք, բայց ֆուտբոլ է։

– Երկու հանդիպումներն էլ դժվար էին։ Կհիշե՞ք, թե ինչպես դիմավորեցին Ձեզ Թուրքիայում։
– Մեզ դիմավորեցին շատ լավ։ Ապահով էինք մեզ զգում, քանի որ անվտանգության աշխատակիցներ կային։ Ոչ մի խնդիր չկար։ Նույնը կարող ենք ասել երկրպագուների մասին։ Նրանք ոչինչ չարեցին, սակայն, երբ դու գիտես, որ Թուրքիայում ես խաղում, քեզ համար ավելին շատ է ճնշումը։ 

– Կարո՞ղ ենք մենք նույնպես դժվար մթնոլորտ ստեղծել առաջիկա խաղում։
– Ինձ համար միևնույն է, թե որտեղ եմ խաղում, քանի որ ես հոգեպես դրան պատրաստ եմ և միշտ խաղացել եմ։ Նաև ես ընդհանրապես վախ չունեմ ֆուտբոլի մեջ։ Կասեմ նաև, որ ես դրսում ավելի լավ եմ խաղում, ավելի վստահ, քանի որ որքան քեզ քննադատում են, այդքան ավելի ես ուժեղ դառնում ու մոտիվացվում։ Մենք հիմա լավ երիտասարդներ ունենք։ Այս հաղթանակը շատ է պետք մեզ, մեր երկրի, հայրենիքի, զինվորի, հող ու ջրի համար, սակայն, չմոռանանք, որ մրցակիցն էլ ուժեղ է։ Նրանք եվրոպական հզոր թիմերում ֆուտբոլիստներ ունեն, բայց մենք խաղում ենք տանը։ Երկրպագուները մեզ շատ կօգնեն, նոր ուժ կտան։ Միայն մեկ բան եմ ուզում ասել մեր ֆուտբոլիստներին, որ չհիասթափվեն, խաղան մինչև վերջ, մինչև մրցավարի սուլիչը։ Մնացածը մարզիչը մեզանից լավ գիտի։ Ես էլ եմ այժմ մարզիչ, սիրում եմ հարձակողական ֆուտբոլ, պրեսինգ։ Եթե խաղում ես տանը, պետք է միշտ հարձակվես, չպաշտպանվես։ Հենրիխը եթե լիներ, հրաշալի կլիներ։ Ցավոք, որ նա մեր հավաքականում չէ այժմ։ Բայց պետք է հասկանալ, որ ֆուտբոլը մեկ հոգով չեն խաղում, այն խաղում է թիմը

– Ի՞նչ կուզեք մաղթել մեր հավաքականին առաջիկա խաղից առաջ։
– Կուզեմ մաղթել ոչ միայն այդ, այլ ամբողջ մրցաշարի համար։ Կուզեմ հաջողություն գրանցի մեր թիմը, այն մեզ շատ է պետք։ Առաջիկա խաղում կուզեմ հաղթանակ, ես միայն դա եմ սպասում։ Այսօր ճնշումը ոչ թե 100, այլ 150% է։ Հաջողություն եմ ցանկանում բոլորին՝ վարորդից մինչև մերսող։ Կուզեմ նաև ասել հետևյալը։ Ֆուտբոլը միայն խելքով չէ։ Պետք է նաև հավատալ։ Եթե հավատանք, հաջողության կհասնենք։ Աստված իրենց հետ, թող պատվով ավարտվեն խաղը։ Անգամ եթե պարտվեն, թող արժանապատվորեն պարտվեն։ Մեր թիմը լավն է։