Արա Հակոբյան․ «Չմոռանանք, որ սա սպորտ է, և ամեն ինչ կարող է պատահել։»

PROFFOOTBALL-ը զրուցել է նախկին ֆուտբոլիստ Արա Հակոբյանի հետ։

Պարոն Հակոբյան, Դուք հայկական ֆուտբոլում մեծ դերակատարություն եք ունեցել։ Այժմ ի՞նչ գործունեություն եք ծավալում։
– Այն իմ ամենացավոտ տեղն է, որ այսօր չեմ կարողանում զբաղվել իմ սիրելի աշխատանքով։ Բայց հուսով եմ, որ մեկ օր կստանամ հնարավորություն աշխատաելու իմ սիրելի գործով՝ իմ փորձն ու գիտելիքը փոխանցելու ֆուտբոլիստներին, որպեսզի օգտակար լինեմ հայկական ֆուտբոլին։

– Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգան թափ է հավաքում։ Ի՞նչ եք կարծում, ո՞ր թիմը կդառնա չեմպիոն։
– Շատ հետաքրքիր պայքար է ընթանում թե՛ առաջին հորիզոնականի համար, թե՛ աղյուսակի ստորին հատվածում։ Իմ կարծիքով չեմպիոնության համար կպայքարեն «Փյունիկը», «Արարատ-Արմենիան» և «Ուրարտուն»։ Ճիշտ է, «Ուրարտուն» ունի զգալի առավելություն, սակայն դեռ շատ հանդիպումներ կան։ Այս թիմերի վերջին 2 հանդիպումները նայելուց հետո հասկացա, որ չեմպիոնի տիտղոսը որևիցե մեկին հեշտ չի տրվելու։

– 2008 թվականին Դուք չմոռացվող հանդիպում անցկացրեցիք՝ մրցելով Թուրքիայի ընտրանու դեմ Հայաստանում։ Ի՞նչ կհիշեք այդ հանդիպումից։
– Այդ խաղի մասին հիշողություններս այդքան էլ լավը չեն, քանի որ մենք չկարողացանք գրանցել դրական արդյունք և պարտվեցինք։

– Այդ ժամանակվանից հետո թիմերի կազմերը փոխվել են։ Ի՞նչ ակնկալիքներ ունեք այդ հանդիպումից։
– Անկախ մրցակիցներից՝ ես ակնկալում մեր հավաքականներից հաղթանակ։ Այո՛, կազմերը փոխվել են, ընդգրկվել են տաղանդավոր ֆուտբոլիստներ, ունենք նաև փորձառու ֆուտբոլիստներ։ Ակնկալիքս մեկն է՝ դրական արդյունք։

– Ի՞նչ պետք է անի հավաքականի գլխավոր մարզիչը՝ հաղթանակի հասնելու համար։
– Մարզիչը դեռ նոր է։ Ես այդքան ծանոթ չեմ մարզչին։ Իմ կարծիքով նա շատ փորձառու մարզիչ է։ Մեկ անգամ չէ, որ նման հանդիպում է անցկացրել։ Ես վստահ եմ, որ նա իր փորձը կփոխանցի մեր հավաքականին։ Նա ավելի լավ գիտի, թե ինչ պետք է անել՝ դրական արդյունքի հասնելու համար, ոչ միայն Թուրքիայի դեմ խաղում, այլև ամբողջ ընտրական փուլում։

– Ի՞նչ կմաղթեք մեր առաջիկա խաղից առաջ հավաքականին։
– Մաղթանքս միանշանակ հաղթանակն է, այլ միտք չկա։ Չմոռանանք, որ սա սպորտ է, և ամեն ինչ կարող է պատահել։ Մաղթում եմ կամք, ուժ, որ կարողանան ուրախացնել մեր երկրպագուներին, մեր ազգին։ Հաղթանակով սկսելը մեզ կտա հնարավորություն՝ ընտրական փուլում հաջողություն գրանցելու համար։