Երևանի «Փյունիկի» պատանեկան թիմերը Երևան վերադարձան արծաթե և բրոնզե մեդալներով

Ռուստաստանի Սոչի քաղաքում ավարտվեց մանկապատանեկան մրցաշարը, որտեղ «Փյունիկ 2007»-ն ու «Փյունիկ 2008»-ը համապատասխանաբար դարձան արծաթե և բրոնզե մեդալակիրներ: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությւնը:

Դավիթ Գրիգորյանի թիմը վճռորոշ խաղում 0-3 հաշվով զիջեց Կրասնոդարի ակադեմիայի առաջին թիմին: Հանդիպման ավարտից հետո Զավեն Խուդավերդյանը ճանաչվեց առաջնության լավագույն ֆուտբոլիստ, Տիգրան Գևորգյանը՝ լավագույն հարձակվող, Սերգեյ Հարությունյանը՝ լավագույն պաշտպան:

Սևակ Արամյանի թիմը 3-րդ տեղի համար խաղում ուժեղ գտնվեց «Սոչիի» ակադեմիայի հասակակիցներից:

«Փյունիկ 2008»-ի ֆուտբոլիստները նույնպես անմասն չմնացին անհատական մրցանակներից. Ալեն Սահակյանը ճանաչվեց մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ, Գևորգ Վարդանյանը՝ լավագույն պաշտպան, իսկ Արթուր Պետրոսյանը՝ լավագույն դարպասապահ:

Հիշեցնենք` «Փյունիկ 2007»-ը և «Փյունիկ 2008»-ը պայքարը սկսել էին խմբային փուլից: Դավիթ Գրիգորյանի թիմը մինչև հաջորդ փուլ անցնելը 3-0 հաշվով հաղթել էր «Սոչիին», այնուհետև միևնույն՝ 2-1 հաշվով հաղթանակի էր հասել «Կրասնոդարի» և «Վլադիվաստոկի» նկատմամբ: Մեր թիմը մտել էր կիսաեզրափակիչ «Վիտյազին» գերխոշոր՝ 9-0 հաշվով ջախջախելուց հետո, այնուհետև վաստակել էր եզրափակիչի ուղեգիր`  «Նովոտիտորովսկայայի» նկատմամբ 3-1 հաշվով հաղթանակից հետո:

Սևակ Արամյանի թիմը մրցաշարը սկսել էր մարտական ոչ-ոքիով՝ 1-1 «Կրասնոդար 2008-2»-ի թիմի հետ, այնուհետև 1-2 հաշվով պարտություն կրել «Սոչիի» հասակակիցներից: Երևանյան ակումբը խմբային փուլը հաղթահարել էր 5-0 հաշվով «Վլադիվաստոկին» հաղթելուց հետո և կիսաեզրափակիչի ուղեգիր վաստակել «Ղրիմի» հետ խաղում, որտեղ վճռորոշ էր դարձել 11 մետրանոց հարվածաշարը: