PROFFOOTBALL-ը զրուցել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Էդգար Մանուչարյանի հետ։
– Պարոն Մանուչարյան, ԲԿՄԱ-ն այս պահին վերջին հորիզոնականում է։ Ըստ Ձեզ՝ ի՞նչն է պակասում ԲԿՄԱ-ին այս մրցաշրջանում՝ ավելի շատ հաղթանակներ գրանցելու համար։
– ԲԿՄԱ-ն սկսում է լավ ֆուտբոլ ցույց տալ, մրցակցային է դարձել։ Արդյունքները, կարծում եմ, կգան։
– Առջևում Հայաստան – Թուրքիա հանդիպումն է։ Ի՞նչ ակնկալիքներ ունեք։
– Այլ սպասելիք, քան հաղթանակը, ես չունեմ։ Ճիշտ է, Թուրքիան ուժեղ հավաքական է, սակայն այն Թուրքիան չէ, չնայած որ ունեն բարձրակարգ ֆուտբոլիստներ։ Սակայն, հոգեբանական առումով, կարծում եմ, որ Թուրքիան 100%-ով պատրաստ չէ։ Սա մեզ համար մեծ հնարավորություն է՝ հաղթանակով սկսելու ընտրական մրցաշարը։ Թուրքիան հերթական հավաքականն է, որի դեմ պետք է փորձենք լավ խաղալ ու հաղթել։
– Որքա՞ն կգնահատեք Եվրո-2024-ի եզրափակիչ փուլ դուրս գալու մեր շանսերը։
– Մենք այս պահին հետ ենք խաղամակարդակով, ու կարծում եմ, որ պետք է մանկապատանեկան ֆուտբոլը զարգացնենք։ 10-15 տարի հետո վստահ եմ, որ հզոր հավաքական կունենանք, ու Անգլիայի, Իտալիայի հավաքականների դեմ ֆավորիտ չեն լինի մեր մրցակիցները։
– Ի՞նչ կուզեք ասել մեր ֆուտբոլիստներին Թուրքիայի դեմ խաղից առաջ։
– Ֆուտբոլիստները շատ պրոֆեսիոնալ են։ Կուզեմ ասել, որ ամբողջ ազգն իրենց կողքին է։ Շատ-շատ ուրախ կլինենք, որ Հայաստանի ազգային հավաքականը հաղթանակով մեկնարկի ու ավարտի այս ընտրական փուլը։