Պողոս Գալստյան․ «Ինձ թվում է՝ մեր տղաները կարդարացնեն բոլոր սպասելիքները»

PROFFOOTBALL-ն այս անգամ զրուցել է «Արարատ-Արմենիայի» գործադիր տնօրեն Պողոս Գալստյանի հետ։

– Թիմն այս պահին երկրորդ հորիզոնականում է։ Ինչպե՞ս կգնահատեք թիմի չեմպիոնական շանսերը։
– Մենք ունենք հնարավորություն։ Առջևում դեռ հանդիպումներ կան։ Կարծում եմ, որ մենք պայքարում ենք չեմպիոնի կոչման համար։

– Ի՞նչ եք կարծում, կա՞ն խաղային դիրքեր, որոնք կուզենայիք ուժեղացնել ամռանը։
– Այս պահին մենք կենտրոնացած ենք առաջնության վրա: Հնարավոր է լինեն խաղային դիրքեր, որոնք կցանկանանք ուժեղացնել, այդ մասին մտածենք արդեն մրցաշրջանի ավարտից հետո:

«Արարատ-Արմենիայից» երկու ֆուտբոլիստ է հրավիրվել ազգային հավաքական՝ Կարեն Մուրադյանն ու Արթուր Սերոբյանը։ Ի՞նչ կասեք նրանց մարզավիճակի մասին։
– Արթուր Սերոբյանը լավ է սկսել այս տարին։ Նա ամենատաղանդավոր երիտասարդ ֆուտբոլիստներից մեկն է։ Մարզիչը ճիշտ որոշում է կայացրել՝ հրավիրելով նրան։ Նա միշտ խաղում է մեր թիմում։ Կարենի պահով, կարծում եմ, մարզիչը հաշվի է առել այն փաստը, որ նա լավ մարզավիճակում է և այս պահին թիմի բոլոր խաղերին մասնակցում է։ Համամիտ եմ մարզչի այս որոշումների հետ։ 

– Առջևում Հայաստան – Թուրքիա հանդիպումն է։ Ի՞նչ ակնկալիք ունեք խաղից։
– Ինձ թվում է, որ մեր տղաները կարդարացնեն իրենց։ Մենք խաղալու ենք լեփ-լեցուն մարզադաշտում։ Սա ևս կարևոր է։ Այն մեծ ուժ կտա տղաներին։ Վստահ եմ, որ մեր հավաքականը լավ արդյունք է ցույց տալու։

– Ի՞նչ կուզեք ասել մեր ֆուտբոլիստներին Թուրքիայի դեմ խաղից առաջ։
– Կցանկանայի, որ նրանք իրենց լավ խաղով կարողանան ուրախացնել հայերիս։ Ամբողջ հայ ազգն է այդ խաղը դիտելու, այդ թվում նաև արտասահմանում։